Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ոչ մի քաղաքական ուժ չի ասում, որ մենք կարող ենք չեղարկել, որովհետև կարծում եմ՝ բոլորը հասկանում են, որ դրա չեղարկումը նշանակում է նոր պատերազմ։ Այս մասին այսօր` Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում լրագրողների հետ զրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը:

«Եթե Հայաստանը նոր պատերազմի պոտենցիալ ունենար, կարծում եմ՝ Սյունիքի մարզի այս ներխուժումը կարող էր վերածվել պատերազմի: Բայց մենք գնում ենք բանակցությունների ճանապարհով։ Բոլոր նրանք, ովքեր կասեն՝ մենք կարող ենք գալ և ընտրություններից հետո պատերազմով ադրբեջանցիներին հանել այնտեղից, կամ արկածախնդիր պետք է լինեն, կամ՝ ստախոս, որովհետև պետք է հաշվի առնես քո երկրի հնարավորությունները, իսկ մենք նոր ենք դուրս եկել իրապես կործանարար մի շատ մեծ պատերազմից։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը իրագործված է հայկական կողմից, այն իրագործված չէ ադրբեջանական կողմից, և հետևաբար Ադրբեջանը պարտավոր է կատարել։ Այսինքն ոչ թե մեզնից ուզի ինչ-որ ականապատման քարտեզ, ճանապարհ, դելիմիտացիայի հանձնաժողովի փաստաթղթի ստորագրում, այլ պետք է փաստաթղթի կետը կիրառվի»,-ասաց նա։

Նրա խոսքով` «Լուսավոր Հայաստանը» գտնում է, որ Հայաստանի Հանարապետությունը ապաշտջափակման այլընտրաքն չունի, և փաստաթղթում նշված է, որ կողմերը գնում են ապաշրջափակման. «Եվ ահա մենք այստեղ ենք ասում, որ ինչու եք դուք ուզում առանձին սովերեն ճանապարհ, երբ կողմերը պարտավորություն են ստեղծել ապաշրջափակման, նշանակում է՝ բոլորը բացում են սահմանները և բոլորը օգտվում են բոլորի ճանապարհներից։ Եվ մենք կարծում ենք, որ մինչև ՀՀ օրենսդրությունը ամբողջովին չհարմարեցվի սահմանների բացմանը, չի կարելի գնալ դրան։ Այսինքն չպետք է կարողանա Թուրքիայի կամ Ադրբեջանի քաղաքացին ուղղակի կամ միջնորդավորված կարողանա Հայաստանում գույք, հող, արժեթղթեր կամ ցանկացած այլ բան գնել, որը կարող է մեր ազգային անվտանգության շահերին վնաս հասցնել»։

Նա հավելեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը պետք է ընտրել, որովհետև ԼՀԿ-ն նոր ուժ է, չի եղել Հայաստանի քանդարար թալանի մեջ, չի եղել վերջին 3 տարիների ձախողումների մեջ։

«Վերջին 3 տարում՝ որպես խորհրդարանական ընդդիմադր խմբակցություն անդադար ներկայացրել ենք այլընտրանքներ․ խորհուրդ տվել, փորձել օգնել պետական շինարարության գործին։ ԼՀԿ-ն այս պահին միակ ուժն է, որ քարոզում է ներքին հաշտություն, խաղաղություն, միավորում և ազգային միասնության կառավարության ստեղծում։ Սա նշանակում է, որ հունիսի 21-ին Հայաստանում կարող է չլինել ընդդիմադիր ուժ, բոլոր ուժերը կարող են լինել ազգային համաձայնության կառավարության մաս։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում, այս հայհոյախառն ելույթները և հետընտրական պրոցեսները, որ նախապարտաստվում են, մեզ չեն օգնում ոչ մի հարցում։ Մեր առաքելությունը ոչ թե իշխանության գալն է, այլ ներքաղաքական խաղաղության մերան լինելն է։ ՀՀ քաղաքացիները շանս ունեն այդ մերանին աջակցելու»,- հավելեց նա։