1998 թվականին Հայաստանի ԶՈՒ սպաների աշխատավարձը միջինում կազմել է 65 հազար դրամ, իսկ 2008 թվականին՝ արդեն 400 հազար դրամ: Այդ մասին հունիսի 13-ին Տավուշի մարզի Իջեւան քաղաքում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Նա հավելել է, որ 1998 թվականին պայմանագրային զինծառայողները ստացել են 14 հազար դրամ, իսկ 2008 թվականին՝ արդեն 240 հազար դրամ:

«Եւ այդպես գրեթե բոլոր ոլորտներում: Աշխատավարձերը միջինում բարձրացել են 5 անգամ: Այժմ իշխանությունները բարձրացնում են աշխատավարձերը 2000 դրամով, որն անգամ չի ծածկում գնաճը, եւ պարծենում են այնքան, որ ցանկություն է առաջանում հանել այդ 2000 դրամն ու հետ վերադարձնել: Միայն բյուջեի ծախսերի մասը 65 տոկոսով չկատարելու համար իշխանությունները պետք է հրաժարական տան, սակայն նրանք շարունակում են պարգեւավճարներ ստանալ: 1998 թվականին ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը եղել է 47 տոկոս, իսկ 2008 թվականին՝ արդեն 13 տոկոս: Ներկայիս իշխանություններն ընդունել են երկիրն այնպիսին, երբ ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքը կազմել է շուրջ 50 տոկոս, իսկ այժմ այդ ցուցանիշը հասել է շուրջ 70 տոկոսի»,-նշել է Քոչարյանը:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հիշեցրել է, որ երկու տարում պետական պարտքն աճել է 27 տոկոսով (շուրջ 850 միլիարդ դրամ):