ԱՄՆ-ն պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ ռազմավարական կայունության, Սիրիայի եւ Արկտիկայի հետ կապված թեմաների, ինչպես նաեւ մի շարք այլ ոլորտներում:

Նրա խոսքով` Վաշինգտոնի դիրքորոշումը Մոսկվայի հետ հարաբերություններում հիմնված է «երկու հիմնարար տարրերի» վրա: Նախ եւ առաջ, Միացյալ Նահանգներն ուշադրություն են դարձնում ընդհանուր շահերի վրա, որտեղ կողմերը կարող են «միասին աշխատել` արդյունքների հասնելու համար, որոնք կծառայեն ի շահ ԱՄՆ-ին եւ ամերիկյան ժողովրդին»:

«Տեսնենք, թե ինչ կլինի: Կա ռազմավարական կայունության հարցը: Կա Սիրիան եւ մարդասիրական հասանելիության խնդիրը: Հարցեր կան կապված Արկտիկայի հետ: Եվ այլ տեղեր, որտեղ մեզ ձեռնտու կլինի Ռուսաստանի հետ աշխատելու հիմք գտնել»,- ասել է Սալիվանը Բրիտանիայից Բրյուսել ինքնաթիռում կայացած ճեպազրույցում: Դրա սղագրությունը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Պաշտոնյան նաեւ հայտարարել է հարաբերությունների երկրորդ «տարրի» մասին, որի գաղափարն այն է, որ Միացյալ Նահանգները պետք է «հստակորեն հայտարարեն այն վնասակար գործողությունների մասին, որոնք մենք չենք հանդուրժելու եւ որոնց մենք հակազդելու ենք»:

«Մենք չենք կարող երաշխիքներ տալ, թե ինչ կանի Ռուսաստանը, բայց կարող ենք խոստումներ տալ Ամերիկայի գործողությունների վերաբերյալ, այսինքն` մենք կպատասխանենք, եթե այդ չարամիտ գործողությունը շարունակվի»,- հավելել է Սալիվանը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բրիտանական Քորնուոլում G7-ի գագաթնաժողովից հետո գնացել էր Բրյուսել, որտեղ հունիսի 14-ին տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Երկու օր անց Ժնեւում Բայդենը կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ: Ինքը` Բայդենը, կիրակի հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող են համագործակցել Ռուսաստանի հետ շատ հարցերում, այդ թվում` Լիբիայի եւ Սիրիայի:

Վլադիմիր Պուտինն ավելի վաղ նշել էր, որ կողմերը պետք է վերականգնեն անձնական կապերը, ուղիղ երկխոսություն հաստատեն եւ իսկապես գործող փոխգործակցության մեխանիզմներ ստեղծեն:

Կրեմլում ընդգծել էին, որ բանակցություններից «շատ բան» չեմ ակնկալում` Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ առկա տարաձայնությունների պատճառով: Ակնկալվում է, որ նախագահները կքննարկեն ռուս-ամերիկյան հարաբերությունները, ռազմավարական կայունությունը, COVID-19-ի դեմ պայքարը եւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը: