Գործող իշխանությունների կողմից ժամանակին քննադատված բոլոր երեւույթներն էլ ավելի մեծ հետընթաց են ապրել: Այս մասին հունիսի 14-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, «Լուսավոր Հայաստան»-ից վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը: Հեղափոխության արժեքներից որեւէ մեկը, նրա խոսքով, չի պահպանվել:

Նա հավելեց, որ մնացել է միայն մեկ բան` ազատ եւ արդար ընտրություններ: «Կարո՞ղ են իշխանությունները գոնե դա պահպանել»,- հարցրեց Մարուքյանը:

Նա հայտնեց, որ այսօր երեխաներին դրդում են այրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության բուկլետները: «Նման մոտեցումներն անընդունելի են»,- ասաց քաղաքական գործիչը:

Կուսակցության ղեկավարն անկանխատեսելի ընտրություններ է կանխատեսում, քանի որ, ըստ նրա, ընտրողների 40 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, թե որ ուժին է ընտրելու, այնպես որ նրանք իրենց ընտրությամբ կարող են փոթորիկ առաջացնել եւ երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից:

«Խորհրդարանում ցանկացած ուժի բացարձակ մեծամասնությունը կործանարար հետեւանքների է հանգեցնում երկրի համար, ուստի ոչ մի ուժ չպետք է հաղթի այս ընտրություններում: Պետք է հաղթի միասնությունը, որի բացակայությունն այսօր օգտագործվում է արտաքին թշնամու կողմից: Մենք չենք խոսում մեր կամ այլ մեկի իշխանության գալու մասին: Մենք միայն միասնության կոչ ենք անում: Հունիսի 21-ին մենք կա՛մ արթնանում ենք միասնության ոգով, կա՛մ արթնանում ենք եւ տեսնում, թե ինչպես են ներկայիս եւ նախկին իշխանությունները փողոց դուրս հանում իրենց կողմնակիցներին, եւ նրանցից յուրաքանչյուրը հայտարարում է, որ իրենք են հաղթել»,- ասաց վարչապետի թեկնածուն: