Սկանդալային թուրք մաֆիոզի Սեդաթ Պեկերը, ում կողմից Թուրքիայի իշխանությունների մերկացումները ցնցել են երկիրը, հարցաքննվել է Դուբայի ոստիկանությունում։

Մայիսի սկզբից Պեկերը գտնվում է Դուբայում՝ YouTube-ում տեղադրելով տեսանյութեր, որոնք դիտվել են ավելի քան 100 միլիոն անգամ: Տեսանյութերում նա մերկացնում է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք մոտ են նախագահ Թայիփ Էրդողանին:

Նրա օգնական Էմրե Օլուրը Reuters-ին ասել է, որ ոստիկանությունը Պեկերին հրավիրել է պարզաբանման համար, ուստի նա գնացել է միայնակ՝ առանց թիկնապահների: Օլուրն ասել է, որ Պեկերը փորձել է տեղափոխվել այլ երկիր, բայց դեռ գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում: «Սա ձերբակալում չէ»,- ասել է նա ոստիկանությունում հարցաքննության մասին: «Հրավեր է եղել»:

Կիրակի ուշ երեկոյան Պեկերն ասել է, որ ինքը խոսել է ոստիկանության հետ եւ տեղեկացել է իրեն սպառնացող մահափորձի մասին:

49-ամյա Պեկերը հայտնի է դարձել 1990-ականներին, իսկ 2007-ին դատապարտվել է 14 տարվա ազատազրկման` հանցագործությունների համար, այդ թվում՝ հանցավոր խմբավորման ստեղծումն ու ղեկավարումը:

Մի շարք տեսանյութերում Պեկերը հայտարարում է կասկածելի մահերի, բռնաբարությունների եւ թմրանյութերի վաճառքի մասին, որոնք կապված են Էրդողանի շրջապատի հետ: