Հորդանանի ռազմական դատարանը դատավարություն է սկսում թագավորական պալատի նախկին ղեկավարի եւ թագավորական ընտանիքի անչափահաս անդամի գործով՝ միապետությունն ապակայունացնելու համար քարոզչության մեղադրանքով, հաղորդում է Reuters-ը:

Անցյալ շաբաթ դատախազությունը դիմել է դատարան՝ թագավորական պալատի նախկին ղեկավար եւ ֆինանսների նախարար Բասեմ Ավադալլահի գործով, որը մեծ դեր է խաղացել Հորդանանի տնտեսությունն ազատականացնելու շարժման մեջ, եւ Աբդալլահ թագավորի հեռավոր ազգական Շերիֆ Հասան Ջայեդի գործով:

Նրանք ձերբակալվել էին ապրիլի սկզբին, երբ նախկին թագաժառանգ արքայազն Համզան տնային կալանքի էր ենթարկվել՝ Հորդանանի ապակայունացման նպատակով օտարերկրյա կողմերի հետ դավադրության մեղադրանքով:

Արքայազն Համզայի եւ նրա հետ որոշ ժամանակ հետաքննության մեջ գտնվող Ավադալլահի դեմ դատավարությունը հետագայում դադարեցվել էր այն բանից հետո, երբ նա թագավոր Աբդուլլահին հավատարմության երդում էր տվել:

Ավադալլահը Սաուդյան Արաբիայի փաստացի կառավարիչ թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի ամենամերձավոր տնտեսական խորհրդականներից մեկն է, ինչը բարդացնում է դատական հետաքննությունը, անանունության պայմանով Reuters-ին հայտնել են գործին ծանոթ երկու ավագ քաղաքական գործիչներ։ Նրանք առանց մանրամասնելու հավելել են, որ Ամանը մերժել է նրան հանձնելու Էր Ռիադի խնդրանքը:

Բացահայտվել է Հորդանանում իշխող Հաշեմյան ընտանիքում առաջին լուրջ պառակտումը երկար տարիների ընթացքում, եւ սասանվել է անկանխատեսելի տարածաշրջանում կայունության կղզի համարվող երկրի վարկանիշը։