Եվրամիությունը «ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից Վրաստանի աջակցությամբ ձեռնարկված գործողությունները, որոնք հանգեցրին Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայերի ազատմանը եւ ականների քարտեզների հանձնմանը»: Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելի հայտարարության մեջ:

«Դրանք կարեւոր մարդասիրական քայլեր եւ վստահության ամրապնդման ժեստեր են Բաքվի եւ Երեւանի կողմից, որոնք, հուսով ենք, ճանապարհ կհարթեն կողմերի հետագա համագործակցության եւ բոլոր գերեվարված հայերի վերջնական ազատման, ինչպես նաեւ ականապատ տարածքների բոլոր քարտեզներ փոծանցման համար` քաղաքացիական զոհերից խուսափելու համար:

Եվրամիությունը եւ միջազգային այլ դերակատարներ ակտիվորեն խրախուսում են քայլերն այս ուղղությամբ, եւ մենք հետագա համագործակցության կոչ ենք անում ներգրավված երկրների միջեւ:

Մենք կշարունակենք նպաստել հակամարտության տեւական եւ համապարփակ կարգավորմանը, այդ թվում, հնարավորության դեպքում, աջակցելով կայունացման, հետկոնֆլիկտային վերակառուցման եւ վստահության ամրապնդման միջոցներին եւ կրկին կոչ կանենք Հայաստանին եւ Ադրբեջանին շարունակել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- ասվում է հայտարարության մեջ: