Ռուսաստանը չի զբաղվում քաղաքական հակառակորդների սպանություններով, դա վերաբերում է նախորդ տարի Ալեքսեյ Նավալնwu հետ կապված միջադեպին: Այս մասին NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք այդպիսի սովորություն չունենք` սպանել որեւէ մեկին»,- ասաց ՌԴ նախագահը` պատասխանելով հարցին` արդյո՞ք նա հրաման է տվել սպանել Նավալնուն` շեշտելով, որ «մեր երկրում այդպիսի որոշումներ նախագահը չի կայացնում», հաղորդում է ՏԱՍՍ-ը: ,

Նավալնին հոսպիտալացվել էր Օմսկում 2020 թվականի օգոստոսի 20-ին այն բանից հետո, երբ իրեն վատ զգաց Տոմսկից Մոսկվա թռնող ինքնաթիռում: Ավելի ուշ նրան տեղափոխել էին Բեռլինի Sharite կլինիկա: Սեպտեմբերի 2-ին գերմանական իշխանությունները հաստատմամբ հանդես եկան, որ Նավալնին ենթարկվել է «Նովիչոկ» խմբից թունավոր նյութի ազդեցությանը:

Ռուսաստանի իշխանությունները բազմիցս շեշտել են, որ մինչ Նավալնու` Բեռլին տեղափոխվելը նրա օրգանիզմում ոչ մի թունավոր նյութ չէր հայտնաբերվել: Նրանք նաեւ պատրաստակամություն էին հայտնել լիովին համագործակցել դեպքի հետաքննության գործում եւ մի քանի պաշտոնական հարցում էին ուղղել այդ կապակցությամբ:

Երկու անգամ պայմանականորեն դատապարտված Նավալնու նկատմամբ հետախուզություն է հայտարարվել` «Իվ Ռոշե»-ի գործով պատիժը կրելու պայմանների բազմաթիվ խախտումների համար: Նա կալանավորվել էր հունվարի 17-ին «Շերեմետեւո» օդանավակայանում, իսկ փետրվարի 2-ին դատարանը որոշում կայացրեց նրա պայմանական պատժաչափը փոխարինել իրական պատժով: Նավալնին պատիժ է կրում Վլադիմիրի մարզի թիվ 2 գաղութում: