ԱԷՄԳ-ի ղեկավարը անհրաժեշտ է համարում Իրանի հետ միջուկային գործարքի կնքումը, այլապես «մենք կուրորեն կգործենք»: Այս մասին Axios-ին տված հարցազրույցում ասել է Միջուկային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին:

Հարցին, թե կարծո՞ւմ է արդյոք ինքը, որ Իրանը միջուկային զենքի ստեղծման ակտիվ ծրագիր ունի, Գրոսին պատասխանել է. «Ոչ, այս պահին դրա վերաբերյալ տեղեկատվություն չկա։ Բայց նա մտահոգություն է հայտնել ուրանի արագացված հարստացման կապակցությամբ, զուգորդված վերջին ամիսներին միջազգային հանրության ակտիվության նվազմամբ: «Սա շատ լուրջ է»,- ասել է Գրոսին: «Երբ հարստացնում եք (ուրանը) 60%-ով, դուք շատ մոտ եք (միջուկային զենք ստեղծելուն): Տեխնիկապես այն չի տարբերվում զինատեսակի նյութից: Ուստի, երբ դա համատեղում ես այն փաստի հետ, որ մեր ստուգման հասանելիությունը կրճատվում է, ես սկսում եմ անհանգստանալ»:

Ինչ վերաբերում է հաքերների եւ կիբեռհանցագործների կողմից միջուկային սպառնալիքներին, Գրոսին նշել է, թե «իրողությունն այն է, որ միջուկային նյութերի ոչ համաչափ օգտագործման հնարավորությունն ավելի մեծ է, քան միջուկային պատերազմինը»: