Առողջապահության նախարար Սաիդ Նամակին բնակչության ընթացիկ պատվաստման համար կորոնավիրուսի դեմ իրանական արտադրության COV-Iran Barakat պատվաստանյութի օգտագործման արտակարգ թույլտվություն է տվել, հաղորդում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ COVID-ի դեմ Իրանի եւ Կուբայի համատեղ արտադրած պատվաստանյութի օգտագործման անհրաժեշտ թույլտվությունը արդեն հաջորդ շաբաթ կտրվի:

Այս քայլը նախաձեռնվել է Իրանում պատվաստանյութերի պակասի մասին հաղորդագրությունների պայմաններում, քանի որ 60-ից բարձր տարիքի մարդկանց պատվաստումները շարունակվում են:

Այս պահի դրությամբ 4 354 445 իրանցիներ ստացել են Covid-19-ի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, իսկ 851 207-ը՝ երկրորդը: Երկրին անհրաժեշտ է պատվաստանյութի 120 000 000 չափաբաժին:

Միեւնույն ժամանակ, Իրանի Սննդամթերքների եւ դեղամիջոցների որակի վերահսկման վարչության (FDA) ղեկավար դոկտոր Մոհամմադ-Ռեզա Շանեզազը հայտարարել է, որ Իրանի այն քաղաքացիներին, որոնց կորոնավիրուսի դեմ արտասահմանյան արտադրության պատվաստանյութ է ներարկվել, երկրորդ չափաբաժինը կարող է իրանական արտադրության պատվաստանյութ ներարկվել: