Մարզում բազմաթիվ հանդիպումներից հետո ես ավելի լավ եմ պատկերացնում մարզի խնդիրները՝ ոռոգում, խմելու ջուր, գյուղմթերքների իրացում: Մենք գալիս ենք լուծելու այս խնդիրները: Այս մասին Արմավիրի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

«Մենք գալիս ենք ապագան կերտելու: Այն ամենը, ինչ արվել է, կրկնապատկվելու է: Ես վստահություն ու հնարավորություն ունեմ, եւ ունեմ թիմ, որը պատրաստ է ստանձնել իրավիճակը շտկելու եւ երկիրն առաջ տանելու պատասխանատվությունը: Անհրաժեշտ է քշել իշխանություններին, որոնք երեք տարվա ընթացքում ավերել են ամեն ինչ: Նրանք ընդհանրապես իրավունք չունեն մասնակցելու ընտրություններին: Նրանք պետք է ծնկաչոք ներողություն խնդրեին ժողովրդից:

Յուրաքանչյուրը պետք է իրեն հարց տա՝ ուզում ենք անվտա՞նգ երկրում ապրել, թե՞ ծնկաչոք ապրել՝ ուրախանալով, որ թշնամին չի կրակում: Ուզում ենք տնտեսական ա՞ճ, թե՞ շարունակական անկում: Ուզում ենք հասարակության բեւեռացո՞ւմ, ներքին թշնամա՞նք, թե՞ համերաշխություն:

Մենք գալիս ենք միավորելու ժողովրդին»,- ընդգծեց նախկին նախագահը:

Ռոբերտ Քոչարյանը ժպիտով խոստովանեց. «Ասես ճակատիս գրված է՝ ով ինչ կփչացնի, ինձ են հիշում: Հենց հաջողում եմ, ասում են՝ բավական է: Թող այդպես լինի: Մենք չենք կարող մի կողմ քաշվել, երբ հայրենիքը վտանգի մեջ է»: