Ընտրությունը շատ պարզ է` այն հաղթանակի եւ պարտության, հանդուրժողականության եւ ատելության միջեւ է: Այս մասին Երեւանի Շենգավիթ համայնքում «Հայաստան» դաշինքի հանրահավաքում, առաջիկա ընտրությունների մասին խոսելով, հայտարարեց քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը:

«Խայտառակ կապիտուլյացիայից հետո քաղաքացիները դուրս եկան պայքարի՝ վանկարկելով. Հայաստանն առանց Նիկոլայի: Մենք շարժում սկսեցինք՝ կուսակցականներս եւ անկուսակցականներս: Եկել է մեր ընդհանուր նպատակին՝ ուժեղ Հայաստանին հասնելու պահը:

Հարգելի համաքաղաքացիներ, ձեզ խաբել են, շարունակում են խաբել ու կխաբեն: Ձեզ խոստացան խաղաղություն եւ նույնիսկ Մեհրիբանին հրավիրեցին Շուշի՝ թեյ խմելու: Դրա համար ապահովեցին կապիտուլյացիա եւ պարտություն: Խոստացան բարգավաճում, ստացաք հակառակը, խոստանում են խաղաղ կյանք, բայց իրականում պատրաստում են թուրքական վիլայեթ»,- զգուշացրեց Թեւանյանը:

Նա հարց տվեց՝ կհամաձայնեի՞ն արդյոք քաղաքացիները մեքենայի ղեկը վստահել հարբեցողին եւ անհավասարակշիռ մարդուն: Շատախոսին ու ոչ ազնիվին: «Ընտրությունների չգնալը քաղաքական դասալքություն է: Հայաստանին եւ Արցախին կողմ կամ դեմ քվեարկելը ընտրություն է:

Այդ պատճառով բոլորս կողմ ենք քվեարկում «Հայաստանին» եւ մեր երկրի ապագային»,- ընդգծեց Թեւանյանը: