Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում վերջապես դեմ առ դեմ հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, հաղորդում է Ahval-ը:

Երկու առաջնորդները, կարծես, ջերմորեն ողջունել են միմյանց, երբ Բայդենը մոտեցել է նստած Էրդողանին, ով ոտքի է կանգնել, որպեսզի սեղմի նրա ձեռքը: Ավելի ուշ ՆԱՏՕ-ի դաշինքի առաջնորդների «ընտանեկան լուսանկարում» Էրդողանը կանգնել է Բայդենի կողքին։

Փակ դռների ետեւում Բայդենի եւ Էրդողանի բանակցությունները կտեւեն մոտ երկու ժամ: Ըստ Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի, թեմաները կարծարծվեն Թուրքիայի կողմից ռուսական С-400-ների գնումից մինչեւ Լիբիայում եւ Սիրիայում հակամարտությունները, Աֆղանստանում համագործակցությունը եւ Միջերկրական ծովի արեւելքում տիրող իրավիճակը:

Չնայած թաքնված լարվածությանը՝ թուրք պաշտոնյաները դրական են գնահատել Բայդենի եւ Էրդողանի առաջին հանդիպումը: Էրդողանի հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Ֆահրեթին Ալթունն ասել է, որ հանդիպումից առաջ նրանք դեմ առ դեմ «բարեկամական զրույց» են ունեցել:

Ավելի վաղ Բայդենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ զրույցում ասել էր, որ Եվրոպայի, Թուրքիայի եւ Կանադայի պաշտպանությունը Միացյալ Նահանգների «սրբազան պարտականությունն է»: