Հեղափոխությունից հետո ես 20 մլրդ դոլարի վարկեր եմ ներգրավել՝ 1% տոկոսադրույքով, բայց դրանք չեն ընդունել, այդ մասին կարող եք հարցնել Ջավադյանին: Այս մասին հունիսի 14-ին Արագածոտնի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, այս կուսակցությունից վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը: Նա հավելեց, որ բանկերին վարկեր տրամադրելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել, թե արդյոք անձը կկարողանա մարել դրանք, իսկ եթե ոչ, ապա միջոցներ տրամադրել էլ պետք չէ:

Նրա խոսքով, Հայաստանը կարող է ուժեղ լինել միայն այն ժամանակ, երբ ժողովրդի վիճակը բարելավվի, իսկ այժմ դա շատ դժվար է, քանի որ բոլորը վարկեր ունեն: «Մենք պետք է բարձրացնենք աշխատավարձերն ու կենսաթոշակները: Անհրաժեշտ է ներդրումներ ներգրավել բոլոր ոլորտներում: Արաբական երկրները գյուղատնտեսական ապրանքների կարիք ունեն, եւ Հայաստանը կարող է դա ապահովել: Արարատի մարզում իմ ընկերներից մեկը 1 միլիարդ դոլար ներդրմամբ ցանկանում էր սիլիցիումի գործարան կառուցել: Սակայն գործընթացը ձգձգվեց, եւ նա փոխեց իր միտքը: Այսօր կան մի շարք ուղղություններ, որոնցում կարելի է ներդրումներ կատարել:

Մենք պետք է օգտագործենք մեր բոլոր հնարավորությունները եւ օգտակար հանածոները բարձր գնով վաճառենք: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի երիտասարդները մնան Հայաստանում, իսկ դրա համար անհրաժեշտ է աշխատատեղեր ստեղծել»,- ընդգծեց Ծառուկյանը: