Մենք բարձր ենք գնահատում մեր շանսերն ընտրություններում։ Այս մասին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում նախընտրական քարոզչության ընթացքում հունիսի 15-ին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Դավիթ Խաժակյանը։

Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախկին եւ ներկա իշխանությունների միակ իրական այլընտրանքն է։ Նա նշեց, որ Ազգային համաձայնության կառավարություն, որը ԼՀԿ-ն փորձում է ձեւավորել ընտրությունների արդյունքներով, պետք է մտնեն մասնագետներ ինչպես խորհրդարանական, այնպես էլ ոչ խորհրդարանական ուժերից։ «Մենք որոշել ենք առայժմ չհրապարակել մեր ստվերային կառավարության կազմը, քանի որ դա կարող է բացասաբար անդրադառնալ քաղաքական ուժերի համախմբման գործընթացի վրա»,- ընդգծել է Խաժակյանը։

Նախընտրական ծրագրի կետերից մեկը ներկայացնելով՝ նա նշեց օրենքի ուժով նորմ մտցնելու անհրաժեշտությունը, որի համաձայն՝ այս կամ այն համայնքի կողմից բյուջե վճարվող հարկի որոշակի տոկոս պետք է մնա հենց համայնքին, ինչը թույլ կտա ուժեղացնել ֆինանսական անկախությունը կենտրոնից։ «Սուբվենցիոն ծրագրերը, որոնք այսօր իրականացնում են իշխանությունները, ըստ էության, դարձել են քաղաքական գործիք, երբ միջոցները հատկացվում են այն համայնքներին, որոնց ղեկավարությունը պաշտպանում է իշխանություններին»,- ավելացրել է Դավիթ Խաժակյանը։

Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից հեռացող խորհրդարանի պատգամավոր Անի Սամսոնյանի խոսքով՝ մուրճի օգնությամբ ժողովրդի հետ խոսելն անընդունելի է։ «Քաղաքական ուժերի առաջնորդները (նկատի ունի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին – խմբ.) ավելի հաճախ են ցուցադրում, թե ինչ են պատրաստվում անել ընդդիմախոսների հետ, եթե իշխանության գան։ Ժողովրդի համերաշխությանը հարված հասցնող առաջնորդները չեն կարող իշխանության հավակնել»,- ամփոփել է նա։