Անձնական հարաբերությունները միջպետական հարաբերությունների շատ կարեւոր բաղադրիչ են։ Այս մասին հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Հարցին, թե կարող է արդյոք փոքր-ինչ բացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցների բովանդակությունը, մանավանդ որ տարեսկզբից արդեն երեք զրույց է եղել, քննարկվել է ներքաղաքական իրավիճակը, քննարկվել է Ղարաբաղը, Քոչարյանը պատասխանեց. «Եղել է հաղորդում թեմատիկայի մասին։ Սրանից ավելին ասել չեմ կարող»։

Նախընտրական փուլում շփվե՞լ եք, ինչ-որ շփումներ եղե՞լ են։ «Ոչ, վերջին շրջանում ոչ։ Երբ լինում եմ Մոսկվայում, նման շփումներ ունենում եմ։ Հայաստանից՝ ոչ։ Դե, հայտնի եւ հասկանալի պատճառներով»,- ասաց երկրորդ նախագահը։

Իսկ ռուսաստանյան քաղաքական էլիտայի հետ կապ պահպանո՞ւմ եք։ «Այո, իհարկե։ Այդ կապերը անձնական մակարդակում են։ Ես կարողանում եմ բարեկամություն պահել, հարաբերություններ պահել։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ անձնական հարաբերությունները շատ կարեւոր բաղադրիչ են նաեւ միջպետական հարաբերություններում։ Այսինքն՝ մենք բոլորս մարդիկ ենք, մնում ենք մարդ։ Եվ դա չի կարող ուժ չտալ կամ չսնել միջպետական հարաբերությունները, եւ հակառակը։ Կարեւոր է կառուցել վստահելի հարաբերություններ»,- նշել է Քոչարյանը։