Պետք է վերականգնել արտաքին գործերի նախարարությունը, որը մենք պարզապես չունենք։ Այս մասին հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կկառուցվի միջազգային հարաբերությունների համակարգը դաշինքի հաղթանակի դեպքում։

«Հետաքրքիր է, կա փորձառու դիվանագետների մեծ խումբ, բայց չկա արտաքին գործերի նախարարություն։ Ֆենոմենալ իրավիճակ է, երբ ամբողջ գերատեսչությունը... Ի դեպ, այս բոլոր երեք տարիների ընթացքում, բացի մեկ նախարարից, որն ինչ-որ դեր է խաղացել, կարծես թե (ես պարզապես տիրապետում եմ այդ տեղեկությանը) նրանք բոլորը զայրանում էին իշխանության արածից։ Դա արդյունքում հանգեցրեց այն բանին, որ նախարարությունը փլուզվեց։ Այդ ամենը պետք է վերականգնել, որովհետեւ դա այն գործիքն է, որի միջոցով իրականացվում է արտաքին քաղաքական գործունեությունը։ Կսկսենք սրանից, իսկ հետո կփորձենք կառուցել հարաբերություններն այն ուղղություններով, որոնք ավանդաբար մեզ համար կարեւոր են։ Դրանք հարաբերություններն են Ռուսաստանի հետ, հարաբերություններն Իրանի հետ, ԵՄ-ի հետ՝ ողջ ընդգրկմամբ։ Չինաստանի հետ պետք է կառուցել շատ լուրջ, ինստիտուցիոնալ հարաբերություններ, դա արդեն համաշխարհային տերություն է, եթե ոչ թիվ մեկը, բայց համարյա թե։ Իսկ գուցե եւ թիվ 1-ն է տնտեսական հնարավորությունների առումով։ Աշխատանք շատ կա»,- նշեց Քոչարյանը։

Կոմպլեմենտար քաղաքականություն կլինի՞։ «Միջանցքը կոմպլեմենտարության համար արդի աշխարհում շատ է նեղացել։ Մենք այն տարիներին կոմպլեմենտարությունն իրականացրել ենք բավական հաջող, բայց այն ժամանակ չկար Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ փոխհարաբերությունների ներկայիս սրությունը։ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ ավելի շատ ծրագրեր ուներ, քան Հայաստանի։ Այս առումով կոմպլեմենտարությունն այն ժամանակ տեղին էր, հիմա պետք է շատ լուրջ վերանայել դրա պարամետրերը։ Այսինքն՝ այն իրավիճակին վերադառնալ արդեն չի ստացվի, անկասկած։ Դա ճիշտ էլ չէր լինի։ Բայց կգտնենք ակտիվ արտաքին քաղաքականության նոր կրեատիվ մոդել»,- նշեց երկրորդ նախագահը։

Ինչ վերաբերում է նրան, թե ունի արդյոք դաշինքը արտաքին գործերի նախարարի թեկնածու, Քոչարյանն այդ առնչությամբ ասաց. «Ունենք, իհարկե։ Ես մի առիթով ասել եմ, որ մենք ունենք կառավարության, առնվազն, 2-3 կազմ։ Գրեթե հավասարազոր»։