Պատկերացնո՞ւմ եք, եթե ես նույնպես մուրճ վերցնեմ ձեռքս: Բռունցքս ինձ բավական է: Այս մասին հունիսի 15-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքից վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Նա հիշեցրեց, որ իշխանությունները նախ խոսում էին խաղաղության եւ համերաշխության հեղափոխության մասին, բայց այս ամբողջ ընթացքում նրանք սպառնում էին ասֆալտին փռել եւ մուրճով հարձակվել: «Մուրճը կօգտագործենք միայն շինարարության համար»,- հավելեց Քոչարյանը:

«Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Վահե Հակոբյանն իր հերթին նշեց, որ քարոզարշավի ընթացքում վարչապետի պաշտոնակատարի կողմից մուրճի օգտագործումը քարոզչության ընթացքում ուժի ցուցադրում է եւ մարդկանց վրա ճնշում գործադրելու փորձ: