«Պատիվ ունեմ» դաշինքը Հայաստանի բնակիչներին խոստանում է ակտիվորեն աշխատել Ղարաբաղի կարգավիճակի շուրջ եւ ընտրական մրցավազքում հաջողության հասնելու դեպքում ակտիվացնել իրենց արտաքին քաղաքականությունը: Այս մասին հունիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Արտակ Զաքարյանը:

Նա հիշեցրեց, որ իրենց դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանն իր քարոզարշավը սկսել է հենց Ղարաբաղից: «Մեր դաշինքի նախընտրական արշավը սկսվել է Ղարաբաղից, քանի որ մենք միշտ այս հարցը բաց ենք պահելու: Ղարաբաղի կարգավիճակի հարցը Հայաստանի անվտանգության կարեւորագույն տարրերից մեկն է, դա մեր տարածաշրջանում խաղաղ գոյակցության կարեւորագույն տարրերից է, եւ մենք դրան հաստատ կհասնենք»,- հավաստիացրեց Զաքարյանը:

Ընդդիմադիրը շեշտեց, որ իրենց դաշինքը միջազգային լայն աջակցություն է վայելում: Պատգամավորի թեկնածուի խոսքով` Հայաստանի արտաքին քաղաքականության ակտիվացումը արագորեն կվերականգնի արտաքին գործընկերությունը, կստանա վստահություն, արժանի համագործակցություն կհաստատի եւ արագորեն հիմքեր կդնի ինչպես անվտանգության, այնպես էլ համագործակցության համար` օգտագործելով երկրի տնտեսական, քաղաքական եւ մշակութային զարգացման տարբեր գործիքներ: