Փաշինյանի թիմը դավաճանել է իր բոլոր կարգախոսները: Այս մասին ռուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

«Նրանք իշխանության եկան օլիգարխիայի դեմ պայքարի եւ բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու կարգախոսով: Ընդհանրապես, նրանք շատ գեղեցիկ կարգախոսներ ունեին: Դավաճանել են բացարձակապես ամեն ինչ: Եվ իրենց սեփական դիրքի, իրենց կարգախոսների վերջին դավաճանությունը ընտրական ցուցակում օլիգարխների ընդգրկումն էր, այսպես ասած, մեղմ ասած ոչ «ամենաստերիլը»: Մեկը մյուսի հետեւից բոլոր հնչեցված բացարձակապես կարգախոսները, որոնք այն ժամանակ մարդկանց դոմինոյի քարերի նման զանգվածային ցույցերի էին բերում, բացարձակապես ամեն ինչ փլուզվել է», - ասել է Քոչարյանը:

Դաշինքի հայտարարության մասին հարցին, ըստ որի այն պատրաստվում է հինգ տարվա ընթացքում երեք միլիարդ դոլար ներդրումներ ներգրավել, Քոչարյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ շատ ավելին կգրավենք, մի փոքր համեստություն ենք արել»:

Ինչպե՞ս եք գրավելու ռուս ներդրողներին, ի վերջո, վերջին տարիների ընթացքում նրանք բավականաչափ վիրավորված են: «Իրատեսական ծրագրերով. խոսքն այն մասին չէ, որ ասում ես՝ ինձ մեկ միլիարդ կամ 500 միլիոն տուր կամ մեկ այլ բան: Անհրաժեշտ է առաջարկել կոնկրետ ծրագրեր, այդ ծրագրերի ֆինանսավորում, բիզնեսում մասնակցություն, ներդրումային ինչ-որ լուծումներ», - նշել է Քոչարյանը:

Այժմ ո՞ր ոլորտներն ավելի շատ ներդրումների կարիք ունեն: «Գիտեք, մենք չպետք է կենտրոնանանք կոնկրետ ինչ-որ բանի վրա: Գիտեմ, որ Հայաստանում շատ կան հետաքրքիր ներդրումային ոլորտներ: Այս տարիներին դրանց զսպել է այս իշխանությունների անհասկանալիությունը, անկանխատեսելիությունը: Մեր ներդրումները գործնականում զրոյացել են: Սա է իրավիճակը: Երբ ներդրողներին, գործարարներին հարցնում ես, թե ինչու, նրանք ասում են, որ չեն հասկանում այս իշխանությանը: Անգամ անձնական զրույցը ինչ-որ ներդրումների մասին արդեն վանում է, քանի որ մարդիկ չեն խոսում «բիզնեսի» լեզվով, նրանք չեն հասկանում գործարարի հոգեբանությունը: Նրանք երբեմն այնպիսի հիմար բաներ են ասում, որ գործարարը, դուրս գալով գրասենյակից, նախընտրում է այլեւս չշփվել: Նրանք (ներկայիս կառավարությունը - խմբ.) ընդունում են հակասական որոշումներ, ասում են մեկ բան, իսկ օրենքում բոլորովին այլ փոփոխություններ են կատարում: Այս ամենը պարզապես անկանխատեսելի է դարձնում իշխող ուժին, անհասկանալի բիզնես հոգեբանության տեսանկյունից: Ոչ ոք մեծ ներդրումներ չի անի անհասկանալի կառավարության, անհասկանալի տնտեսական քաղաքականության ներքո: Ներդրումների վերադարձի հորիզոնը, կախված ոլորտից, կարող է լինել 5, 6, 7 կամ 8 տարի: Ոչ ոք ներդրում չի կատարի մի երկրում, որը մարդիկ դադարել են հասկանալ կամ այս պահին չեն հասկանում», - նշել է ՀՀ երկրորդ նախագահը:   

Այն հարցին, թե ինչ է ինքը փոխելու կառավարման մեթոդում իշխանության գալուց հետո, Քոչարյանն ասել է. «Այսօր մեր երկրում կառավարման իրական ճգնաժամ կա: Պետական մեքենան չի աշխատում: Նախեւառաջ, անհրաժեշտ է կարգավորել այս մեքենան, որպեսզի այն աշխատի շվեյցարական ժամացույցի նման: Դա պետք է արվի, դա այն գործիքակազմն է, որի միջոցով իրականացվում են ծրագրեր: Եթե գործիքը չի աշխատում, դու չես կարող հաջողակ լինել»:

Բայց ոչ ուժային մեթոդներով, առանց վենդետաների: «Ժամանակակից տնտեսության ուժային մեթոդներով հեռու չես գնա: Ինչ վերաբերում է պետական իշխանությանը, կառավարման մեխանիզմներին, ամեն ինչ պետք է աշխատի ժամացույցի նման: Այո, ամեն ինչ շատ կոշտ կլինի: Ի դեպ, մարդիկ իսկապես կարոտում են պետական մեքենայի աշխատանքին այս առումով: Հիմա քաղաքացին հինգ, տասը նախարարություններով մի կաբինետից մյուսն են «տշում», եւ ոչ մի տեղ որեւէ հարց չի լուծվում: Սա պարզապես խայտառակություն է: Մարդը չգիտի, թե ինչպես պետք է լուծվի այս հարցը, քանի որ նա (պաշտոնյա - խմբ.) բոլորովին պատահաբար է հայտնվել այս պաշտոնում, բացարձակապես չունի մասնագիտական հմտություններ, չունի կառավարման փորձ, պարզապես զրո է, բայց հանկարծ դարձել է կարեւոր մարդ: Մարդիկ գալիս են նրա մոտ, նա պետք է ցույց տա իր կարեւորությունը, նա դա ցույց է տալիս, բայց դրանից առաջ գործը չի գնում»:

Ձեր հանդիպումների ընթացքում դուք միշտ ասում եք, որ ամեն ինչ լավ է լինելու: Ինչպե՞ս եք հասնելու այդ նպատակին: «Դա դարձել է մեմ: Փաստորեն, ես համոզված եմ, որ ամեն ինչ լավ շարունակություն կունենա: Ինչպե՞ս։ Լարված աշխատանքով»,- եզրափակել է Ռոբերտ Քոչարյանը: