Ողջ պատերազմի ընթացքում հաղթանակի մասին խոսող իշխանությունը նոյեմբերի 9-ին ներկայացրեց իր ընդունած եռակողմ հայտարարությունը, որտեղ հայկական կողմը պատերազմում ողբերգական պարտության կրողն էր։ Բողոքի մեծ ալիք բարձրացավ, մարդիկ ներխուժեցին Կառավարության շենք, հետո Ազգային ժողով, հարձակում իրականացվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի նկատմամբ։ Առանց այն էլ հեղափոխությունից հետո իշխանությունների կողմից սևերի ու սպիտակների բաժանված հանրային դաշտը պառակտումների նոր որակ և ուժ ստացավ։ «Քաղաքական կյանքի դիմաբախություններն ուժգնացան։ Ընդդիմության կողմից շարունակաբար փակվում էին փողոցներն ու բողոքի մեծ հանրահավաքներ էին իրականացվում։ Երկրում ահագնանում էր քաղաքացիական պատերազմի վտանգը, ինչի հնարավոր հանգուցալուծումը որոշվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավագետ Արմեն Խաչատրյանը:

Խաչատրյանի խոսքով մի կողմից թվում է, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են վերջ դնել Հայաստանի ներքաղաքական կյանքի ցնցումներին, բայց մյուս կողմից, ակնհայտ է, որ նախկին ու ներկա իշխանությունների դիմաբախությունն այնքան սուր է, որ ընտրություններում նրանցից որևէ մեկի հաղթանակը շարունակական ցնցումներից Հայաստանը զերծ չի պահելու և մտցնելու է փոխվրեժխնդրության մի նոր փուլ:

«Օրերս «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում բացահայտեց, որ իշխող ուժի ներկայացուցիչները Երևանի քաղաքապետարանին դիմում են ներկայացրել ընտրություններից հետո բազմահազարանոց հանրահավաք իրականացնելու համար։ Նույնաբովանդակ դիմում է ներկայացրել նաև Ռոբերտ Քոչարյանի ձևավորած «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը։ Վերլուծական բացառիկ կարողություններ պետք չէ ունենալ, որպեսզի կանխատեսել հետընտրական բախումների վտանգը։ Այս վիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու միջոցը միմյանց քաղաքականապես ոչնչացնելու ծարավ ուժերին բացարձակ իշխանության քվեով չապահովելն է։ Նրանք չպետք է ստանան ընտրողների ձայների այն քանակը, որը կարող է նրանցից որևէ մեկին բերել իշխանության։ Այս իրավիճակում հարկ է անպայման մասնակցել ընտրություններին և օգնել, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի առաջարկած ազգային համաձայնության կառավարության ուշագրավ գաղափարը կյանքի կոչվի։ Սա զերծ կպահի նախկին և ներկա իշխանություններին վերարտադրությունից, ժողովրդի տված քվեի պարտադրանքով ներքաղաքական համերաշխություն կհաստատի և միևնույն ժամանակ Կառավարությունը կհամալրի հայրենասեր պրոֆեսիոնալների, որոնք կարող են լինել տարբեր քաղաքական ուժերից։ Հարկ է նկատի ունենալ, որ Հայաստանն այսօր մեծ մարտահրավերների առջև է կանգնած, թշնամին օրըստօրե իր զորախմբերի քանակն ավելացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքի սահմաններից ներս և ներքաղաքական ցնցումներն ու քաղաքացիական պատերազմը կարող է Հայաստանի Հանրապետության վերջը լինել։ Հայաստանին ներքաղաքական համերաշխությունը գոյաբանական անհրաժեշտություն է»,- նշեց իրավագետը: