2021թ-ի ընթացիկ զարգացումները նախանշում են ՀՀ տնտեսական աճի սպասվածից ավելի արագ վերականգնման միտումների մասին՝ հիմնականում պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ճյուղերի ավելի դրական զարգացումներով։

Հայաստանի ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համախառն պահանջարկը ևս վերականգնվում է կանխատեսվածից ավելի արագ տեմպերով, որին հիմնականում նպաստում են համաշխարհային պահանջարկի արագ աճը, արտերկրից դրամական փոխանցումների ավելացումը և մասնավոր սպառման աճի բարձր տեմպը, մինչդեռ մասնավոր ներդրումային ակտիվությունը շարունակում է մնալ թույլ:

սպառման բարձր աճին նպաստում են վարկավորման՝ սպասվածի համեմատ ավելի դրական զարգացումները և բնակչության մոտ նախկինում կուտակված խնայողությունների ծախսումը՝ արտահայտելով նաև հասարակության մոտ գնաճային սպասումների ավելացման հանգամանքը։ Արդյունքում, արտադրական կարողությունների նկատմամբ պահանջարկի առաջանցիկ աճի պայմաններում, ՀՀ ներքին տնտեսական զարգացումներից ևս կանխատեսվում  են հիմնականում գնաճային ազդեցություններ:  

Հաշվի առնելով արտաքին հատվածից և ՀՀ տնտեսությունից սպասվող գնաճային ազդեցությունները՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է համարում բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը։

Միևնույն ժամանակ, Խորհուրդը, հետևողական լինելով ներքին պահանջարկի ավելացմանը զուգահեռ գնաճային սպասումների արագացման ռիսկերի չեզոքացմանը, դիտարկում է առաջիկայում դրամավարկային պայմանների հնարավոր խստացման անհրաժեշտությունը։

Նման պայմաններում կանխատեսվում է, որ կարճաժամկետ հատվածում 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարների մասով դեռևս պահպանվող անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը  հավասարակշռված են և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համարժեքորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը: