Աշխարհը պետք է իմանա, թե առավելագույն ճնշման արշավում ԱՄՆ նախկին նախագահը ինչ հանցանքներ է գործել Իրանի դեմ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ 2013-ին իր պաշտոնը ստանձնելուց հետո մի քանի տարի շարունակ տնտեսությունը լավ էր զարգանում, քանի որ երկրում նկատվում էր միանիշ ինֆլյացիա եւ զբաղվածության աճ, սակայն Իրանի ժողովրդի վրա առավելագույն ճնշում գործադրելու Թրամփի արշավը բացասական ազդեցություն ունեցավ: Նա ընդգծել է, որ ամբողջ աշխարհը պետք է տեղյակ լինի Իրանի ժողովրդի նկատմամբ Թրամփի վարչակազմի անմարդկային հանցագործությունների մասին:

Խոսելով տնտեսական պատերազմի հետեւանքների եւ դրա ազդեցության մասին՝ Ռոհանին նշել է, որ պատժամիջոցներն ու տնտեսական պատերազմը պետք է համարվեն մարդկության դեմ ուղղված «լուռ» հանցագործություն: «Իրանը, որպես այս անմարդկային արարքի զոհ, Իրանը ապացույցներ կներկայացնի աշխարհին»,- ասել է Իրանի նախագահը: Ռոհանին նշել է, որ երեքուկես տարի անց պատժամիջոցներ սահմանողները խոստովանում են Իրանի ժողովրդի դիմադրության արդյունքում իրենց պարտադրած պատերազմի ձախողումը: