Այսօր շուրջ 1500 ոստիկան ապահովում է մեկ անձի անվտանգությունը, մինչդեռ Երեւանում բնակարանային գողությունների թիվը կտրուկ աճել է: Այս մասին հունիսի 15-ին Արարատում ընտրողների ու իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Ըստ նախկին նախագահի՝ նման պահվածքն անընդունելի է: «Այո, Ճանապարհային ոստիկանության մեկ մեքենա կարող է ուղեկցել պետության ղեկավարի ավտոշարասյունը, սակայն ոչ ողջ ոստիկանությունը՝ մի կողմ թողնելով իրենց անմիջական գործառույթները: Սա անկասկած աբսուրդի ժանրից է», - ասել է Քոչարյանը՝ նշելով, որ խոստացված տնտեսական աճի փոխարեն ներկայիս իշխանություններին հաջողվել է ապահովել միայն գողությունների, ճանապարհատրանսպորտային պատահարների, աղքատության, միգրացիայի եւ նման այլ երեւույթների կտրուկ աճ:

Ըստ նրա՝ վերջին 3-4 ամիսների ընթացքում ռեկորդային թվով մարդիկ են հեռացել երկրից՝ շուրջ 90 հազար: