ՀՀ ԳՇ նախկին եւ ներկա պետ Արտակ Դավթյանի հերթական ապօրինությունն իմ նկատմամբ դատարանի կողմից անվավեր ճանաչվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արթուր Հարությունյանը։

«Ինչպես եւ խոստացել էի.

ՀՀ ԳՇ նախկին եւ ներկա պետ Արտակ Դավթյանի հերթական ապօրինությունն իմ նկատմամբ դատարանի կողմից անվավեր ճանաչվեց»,- գրել է նա։

NEWS.am-ի հետ զրույցում փաստաբանը հայտնեց, թե ինչ բողոքարկման մասին է խոսքը։

Նա ասաց, որ աշխատել է ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի իրավաբանական բաժնում։ Արտակ Դավթյանի որոշմամբ, սպան 2019 թվականին ազատվել է աշխատանքից։

«Իրավաբանական բաժնի պետն ինձ հետ անձնական խնդիրներ ուներ եւ ամեն կերպ ցանկանում էր ազատվել ինձնից, ընդհուպ միջնորդություն էր ներկայացրել Պաշտպանության նախարարին, որպեսզի ինձ հեռացնեն, որը չիրականացվեց, որովհետեւ իրավական հիմքերը բացակայում էին։ Այնուհետեւ բաժինը լուծարվեց, դարձավ ծառայություն, ավելի մեծացավ, հաստիքներն ավելի շատացան, եւ բացառապես բոլորը, բացի ինձանից, նշանակվեցին իրենց նախկին հաստիքներին, իսկ ինձ ուղարկեցին կադրերի տրամադրության տակ։ Ըստ ընթացակարգի՝ ես 2 ամիս մնացի կադրերի տրամադրության տակ, այդ ընթացքում ինձ առաջարկեցին իմ զբաղեցրած նախկին պաշտոնից ավելի ծանր պաշտոն, որը ես մերժեցի, ինձ ուղարկեցին պահեստազոր։ Այդ ակտը նույնպես բողոքարկել եմ»,- պատմեց Հարությունյանը։

Նա նշեց, որ պահանջել է նաեւ վճարել վարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի աշխատավարձը։