Մեղրի համայնքում  վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին մասնակցում էր մոտ 30-40 սյունեցի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը։

«Ագարակում 30 բնակիչ կլիներ, որ մասնակցում էր, նույնն էլ  Մեղրիում էր՝ մոտ 30-40 բնակիչ կլիներ։ 12 հազար բնակչությունից ոնց էլ չլինի 30-40-ը անհավասարակշիռ վիճակում են էլի։ Իսկական սյունեցիներից ոչ ոք այնտեղ չի եղել»,- ասաց Մխիթար Զաքարյանը։

Մեղրիի համայնքապետն ասաց, որ այդ քարոզարշավին կիրառվել է նաեւ վարչական ռեսուրս.

«Մեղրիի հիվանդանոցի կոլեկտիվը ձեռք ձեռքի բռնած աշխատանքային ժամին ուղեկցում էին իրեն։ Մեր դպրոցի տնօրենները նամուս ունեն, չեն ենթարկվել մարզպետարանի ճնշումներին։ ԱԻՆ-ի աշխատակիցներ, քաղաքացիական հագուստով ոստիկաններ եւ հիվանդանոցի կոլեկտիվներ կային»։

Անդրադառնալով համայնքապետերին ասֆալտին պառկեցնելու մասին Փաշինյանի արած հայտարարությանը՝ Մխիթար Զաքարյանն արձագանքեց.

«Դու անգամ քո տանը չես կարողանում կարգուկանոն հաստատել, անգամ կնոջդ չես կարողանում ասել՝ երբ պառկի, երբ կանգնի, ոնց կարող ես Սյունիքի քաղաքապետերին պառկեցնելու ասֆալտին»։

Համայնքապետը նշեց, որ հունիսի 20-ի կայանալիք ընտրություններով ներքաղաքական լարվածությունը կավարտվի.

«Ցավում եմ այս իրավիճակի համար։ Մեր պետությունն ծանր վիճակում է, եւ այդպիսի անհավասարակշիռ, շիզոֆրենիկ մարդ էլ ղեկավարում է այն։ Նա արտահայտություն է անում՝ թափթփուկ քաղաքապետեր եւ այլն, ես էլ կարող եմ իրեն համապատասխան բնորոշում տալ, բայց չեմ իջնի իր մակարդակին։ 5 օրից այս մղձավանջը կավարտվի, եւ սա էլ կմնա մեր պատմության մեջ ցավալի ժամանակաշրջան։ Հերիք չի երկիրը հասցրել է կործանման, մի հատ էլ ուզում է վերարտադրվի»։