Նիկոլի տրամաբանության մեջ ծայրաստիճան կարեւոր հակասություն կա. պատերազմի ժամանակ նա պնդում էր, որ մենք հաղթում ենք, եւ հենց դա էր պատճառը, որ նա շարունակում էր ռազմական գործողությունները: Պատերազմից հետո նա սկսեց պարտության մեղքը բարդել ում վրա պատահի՝ վախեցած մոբերի, ոչ բավականաչափ հավատարիմ գեներալների, մարտադաշտից փախչող սպաների, անգամ դժգույն ու դժբախտ Շուշիի վրա: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Այսօր մենք պարտավոր ենք ինքներս մեզ հարց տալ՝ ինչո՞ւ Նիկոլը ավելի շուտ չդադարեցրեց ռազմական գործողությունները:

Կցված փաստաթուղթը զեկույց է բարձրաստիճան ԳՖՀ դիվանագետի հետ հանդիպման մասին: Դրանում գերմանացի դիվանագետը պատմում է Ռուսաստանի նախագահ Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Մերկելի զրույցի բովանդակությունը: ՌԴ նախագահն այնքան զարմացած է եղել հոկտեմբերի 10-ին զինադադար հաստատելուց Նիկոլի մերժումից, որ անհրաժեշտ է համարել պատմել այդ մասին:

Այդ մերժումից հետո պատերազմը շարունակվեց եւս 29 օր: ԱԳՆ-ն եւ վարչապետի աշխատակազմը նմանատիպ փաստաթղթեր են ստացել եվրոպական մի քանի այլ մայրաքաղաքներից: Թե՛ դրանց առկայությունը, թե՛ բովանդակությունը բացարձակ գաղտնի են:

Ուրեմն ինչու՞ է Նիկոլը հոկտեմբերի 10-ին հրաժարվել հրադադարից» - նշել է Մինասյանը:

«Պուտինը նշել է, որ իր մոտ էլ է մեծ զարմանք առաջացրել, թե ինչու հայկական կողմը՝ հանձին վարչապետ Փաշինյանի, չէր համաձայնում փաստաթղթի ստորագրմանը հոկտեմբերի 10-ին, ԱԳ նախարարների մակարդակով պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո։ Բացի այդ, արյունահեղությունը դադարեցնելու համար եղել են այլ հնարավորություններ, որից ևս հայկական կողմը չի օգտվել»,- նշվում է Մինասյանի հրապարակած գաղտնի փաստաթղթում։