ՆԱՏՕ-ի երկրների ամփոփիչ հայտարարությունը երեսպաշտության եւ երկակի ստանդարտների հստակ դրսեւորում է: Այս մասին ասվում է Աբխազիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Այս տարվա հունիսի 14-ին Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներից հետո հայտարարություն հրապարակվեց, որում նախանշված են Հյուսիսատլանտյան դաշինքին վերաբերող «բազմաբնույթ սպառնալիքները եւ աճող մարտահրավերները»: Հայտարարության 14-րդ պարբերությունից բխում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն մոռանում Վրաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության «սկզբունքին» իրենց աջակցության մասին: 

ՆԱՏՕ-ի երկրների ամփոփիչ հայտարարությունը կրկին կեղծավորության եւ երկակի ստանդարտների դրսեւորում է, որոնք բնութագրական են դարձել Հյուսիսատլանտյան դաշինքի անդամների համար: Միեւնույն ժամանակ, Բրյուսելի դրական բնութագրերին արժանի երկրների շրջանակը առավել հաճախ սահմանափակվում է Եվրոպայի երկրներով եւ ԱՄՆ-ով, այսինքն՝ հենց ՆԱՏՕ-ի անդամներով: ՆԱՏՕ-ի «արժեքները» այս դեպքում գործում են բացառապես որպես հարմար գործիք «անցանկալի» կամ «այլախոհ» ժողովուրդների ու պետությունների խտրականության համար: Նման պետություններին «հակազդեցության» եւ «զսպման» համար նախատեսվում է նաեւ գագաթնաժողովի ժամանակ հայտարարված՝ դաշինքի ռազմական բյուջեի ավելացում:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ ավանդաբար կոչ է արվում Ռուսաստանին «դուրս բերել զորքերը Վրաստանից», հրաժարվել Աբխազիայի անկախության ճանաչումից եւ կատարել «հրադադարի մասին համաձայնագիրը»: Այս պահանջների անհեթեթությունն ակնհայտ է ցանկացած անաչառ դիտորդի համար, որը ծանոթ է 2008 թվականի օգոստոսին Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի դեպքերին եւ Ռուսաստանի կողմից Աբխազիայի Հանրապետության եւ Հարավային Օսեթիայի Հանրապետության անկախության ճանաչմանը հաջորդած դեպքերին: Աբխազիայի Հանրապետության ճանաչման քաղաքական եւ իրավական ակտը լիովին համապատասխանում էր միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին եւ այլ պետությունների կողմից հաստատման ենթակա չէր: Պաշտպանության եւ անվտանգության ոլորտում Մոսկվայի եւ Սուխումիի երկկողմ համաձայնագրերը նույնպես չեն հակասում միջազգային իրավունքի նորմերին: Աջակցություն հայտնելով «Վրաստանի տարածքային ամբողջականությանը»՝ ՆԱՏՕ-ի երկրները սատարում են այն, ինչը դադարեց վերջապես գոյություն ունենալ որպես քաղաքական եւ իրավական իրողություն ՝ Սահակաշվիլու գլխավորած՝ Թբիլիսիի ռեժիմի հանցավոր գործողությունների արդյունքում դեռ 2008 թվականին:

Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարության մեջ մեծապես կարեւորում է նաեւ Ժնեւի միջազգային քննարկումների ձեւաչափի գործունեությունը շարունակելու անհրաժեշտությունը: Միեւնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, իր գործողություններով խրախուսում է Ժնեւում Վրաստանի ոչ կառուցողական քաղաքական գիծը` հետաձգելու համար հակամարտության կողմերի միջեւ ուժի չկիրառման մասին փաստաթղթի ընդունումը եւ ստորագրումը:

Բացի այդ, դժվար թե Վրաստանի հետ ՆԱՏՕ-ի ռազմական համագործակցության զարգացումը նպաստի Թբիլիսիի խաղաղասեր քաղաքական գծին: Ավելի շուտ պետք է ակնկալել ճիշտ հակառակ արդյունքը` անկանխատեսելի հետեւանքներով: Նման արդյունքի կարող են հանգեցնել Վրաստանը Հյուսիսատլանտյան դաշինք ներգրավելու Վաշինգտոնի եւ Բրյուսելի ջանքերը:

Համոզված ենք, որ ՆԱՏՕ-ի խաղը Վրաստանի հետ կարող է լրջորեն վատթարացնել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ վերջնականապես խաթարել մասնակիցների եւ միջազգային միջնորդների աշխատանքը Ժեւի քննարկումների շրջանակներում փոխընդունելի արդյունքի հասնելու ուղղությամբ», - ասվում է հայտարարության մեջ: