Երեւանի նախադպրոցական կազմակերպություններում աղիքային վարակիչ հիվանդության բռնկումների արդյունքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի հարուցիչներ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում «Վիննի Պուխ եւ ընկերներ» եւ «Ծիածան» մանկական զարգացման կենտրոն նախադպրոցական կրթական կազմակերպություններում արձանագրվել են սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումներ:

Նշված ժամանակահատվածում «Սուր գաստրոէնետերիտ» ախտորոշմամբ՝ ջերմություն 38-39 ջերմաստիճան, սրտխառնոց, փսխում, լուծ ախտանշաններով, Երեւանի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններ են ընդունվել «Վիննի Պուխ եւ ընկերներ» եւ «Ծիածան» նախադպրոցական կազմակերպություններից 20 երեխա:

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում` հայտնաբերվել է նաեւ ընտանեկան 2 օջախ (1 օջախ՝ 1 դեպքով եւ 1 օջախ՝ 3 դեպքով), երբ պացիենտներն ունեցել են նույն ախտանշանները եւ, ինչպես նախադպրոցական կազմակերպությունների հոսպիտալացված պացիենտները, սննդում օգտագործել են «Բիոկաթ» արտադրատեսակի կաթնամթերք: Հոսպիտալացված պացիենտներից 6-ի մոտ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ:

Նախադպրոցական կազմակերպություններում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի հարուցիչներ, իսկ աշխատակիցների մոտ՝ ստաֆիլակոկ: Սննդամթերքի նմուշները թունաբանական հետազոտությամբ, ունեցել են թույլ թունավոր ազդեցություն («Բիոկաթ» արտադրատեսակի կաթնաշոռ, թթվասեր, կաթնաշոռի եւ թթվասերի խառնուրդ): Ներկա պահին բուժվող հիվանդներ չկան:

Համաճարակաբանական հետազոտության շրջանակներում իրականացվել են նաեւ «Բիոկաթ» կաթնամթերքի արտադրական ձեռնարկություն» ՍՊԸ-ում հոսքագծի տարբեր հատվածներից շրջակա միջավայրի եւ աշխատակիցների կենսաբանական նմուշների լաբորատոր հետազոտություններ: Արդյունքում՝ շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել են շեղումներ, անձնակազմի ձեռքերից եւ արտահագուստից վերցված նմուշներում հայտնաբերվել է ախտածին ստաֆիլակոկ:

Նշենք, որ դեպքերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունն ուղարկվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին: