Երեկ երեկոյան հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու մի գաղտնի զեկույցի, որում ամփոփված էր պատկան մարմինների կողմից վիճակագրական տվյալները, որոնք Հանրապետության մասշտաբով էին եւ վերաբերում էին ընտրությունների արդյունքներին։ Այդ փաստաթղթի համաձայն, կապիտուլյանտն այլեւս չունի ձայների մեծամասնություն։ Այս մասին այսօր՝ հունիսի 15–ին, Արարատի մարզում, «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այդ տեղեկությունը բոլորիս պետք է ոգեւորի, եւ ոչ միայն այն պատճառով, որ ընտրությունների արդյունքում սրանց ուղարկելու ենք տուն. գիտեք, մեր ժողովուրդը էմոցիոնալ է, շատ–շատ պարագաներում դյուրահավատ է, բայց այս երեք տարիների ընթացքում մենք գրեթե ամեն օր խոսում էինք այն մասին, որ մեր ժողովրդի մի մասը հմայված է, զգալի մասը կախարդված է, բայց այս կորուստներից ու զոհերից հետո, վստահաբար ասում եմ՝ մեր ժողովրդի աչքերը բացվել են, այլեւս կապիտուլյանտը չի լինելու իշխանության, բացառված է, եւ այդ մասին ինքը գիտի։ Մենք ունենք երկու կարեւոր խնդիր. առաջինը՝ ամսի 20–ին մենք պետք է մեր քվեներով ամրապնդենք մեր հաղթանակը, դրա համար կոչ եմ անում բոլորիդ, գնացեք ու սրան ասեք՝ ոչ, եւ երկրորդ. մենք պարտավոր ենք  ընտրություններից հետո պաշտպանել մեր հաղթանակը, կոչ եմ անում ամսի 20–ին ձեր քվեով դա հաստատեք»,– ասել է Սերժ Սարգսյանը։