Կարող եք բացել կառավարության կողմից 2021 թվականի փետրվարի 4-ին հաստատված հակաճգնաժամային ծրագիրը եւ տեսնել, որ գյուղատնտեսության աջակցության մասշտաբները դեռ այն ժամանակ ամբողջությամբ նկարագրված էին: Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք սահմանափակվում ենք դրանով: Այս մասին հունիսի 15-ին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը: «Այժմ ներդնում ենք երկու նոր ծրագիր, որոնք ուղղված կլինեն գյուղմթերքի արտադրողների աջակցության ընդլայնմանը: Սակայն այդ ծրագրերն ուժի մեջ են մտնելու ընտրություններից հետո, ուստի դրանք չի կարելի որպես ընտրակաշառք դիտարկել: Աշխատանքի մեր մոդելը տարբերվում է նախորդ ռեժիմների աշխատաոճից: Մենք ասֆալտապատում ենք ոչ թե ընտրություններից առաջ, այլ ամեն օր: Մենք աջակցում ենք բիզնեսին ոչ միայն ընտրություններից առաջ, այլ ամեն օր: Մարդկանց համար աշխատում ենք ոչ միայն ընտրություններից առաջ, այլ ամեն օր», - ընդգծել է նա:

Նշենք, որ ընդդիմությունը բազմիցս քննադատել է իշխանություններին քարոզարշավի մեկնարկից անմիջապես առաջ գյուղատնտեսական ծրագրերի իրականացումը արագացնելու համար, այդ թվում` սահմանամերձ բնակավայրերում, չնայած նման անհրաժեշտություն եղել է նաեւ առաջ: Ընդդիմության կարծիքով՝ սա թաքնված ընտրակաշառք է: