Ամերիկյան կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին, որն ամբաստանվել է բռնաբարության եւ սեռական ոտնձգության պատճառով, կարտահանձնեն Կալիֆոռնիային՝ մասնակցելու սեռական հանցագործությունների գործերով նոր դատական նիստերին, տեղեկացնում է The Telegraf-ը։

Լոս Անջելեսի դատախազությունը ծրագրում է Վայնշտեյնին արտահանձնել հունիսի վերջից մինչեւ հուլիսի կես շրջանում, որպեսզի մեղադրանք ներկայացվի նրան 2004-2013թթ. հինգ կանանց բռնաբարության դեպքերի 11 կետերով։

Վայնշտեյնի փաստաբանները բողոք են ներկայացրել կալիֆոռնիական դատարանի արտահանձնման վճռի կապակցությամբ, քանի որ նախկին պրոդյուսերի առողջական վիճակը շաքարային դիաբետի ֆոնին խիստ վատացել է եւ նա անհապաղ բժշկական օգնության կարիք ունի։ Սակայն Նյու Յորքի դատախազությունում, որտեղ տեղի էին ունեցել Վայնշտեյնի գործերով նախորդ լսումները, կարծում են, որ դատապարտյալը կարող է արտահանձնվել այլ նահանգի։

«Լոս Անջելեսում ամենալավ բուժսպասարկումն է ոչ միայն երկրում, այլեւ աշխարհում, ուստի բոլոր բժշկական խնդիրները, անշուշտ, կարելի է լուծել»,- ասել է Նյու Յորքի դատախազ Քոլին Քերթին Գեյբլը։