Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է Ժնեւում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման կարեւորության մասին, քանի որ դաշինքի անդամ երկրների համար Ռուսաստանի հետ հարաբերությունները գերակա խնդիր են, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես կարեւոր եմ համարում, որ երկու նախագահները հանդիպում կանցկացնեն: Կարեւոր է նաև այն փաստը, որ մեր բոլոր դաշնակիցները ողջունել են, որ նախագահ Բայդենը նախագահ Պուտինի հետ հանդիպումից առաջ խորհրդակցել է ՆԱՏՕ-ի բոլոր ղեկավարների հետ, քանի որ դաշինքը հավաքական անվտանգության հարցերի շուրջ [ջանքերը] համակարգելու հարթակ է: Եվ, իհարկե, Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլորիս համար գերակա նշանակություն ունեն»,- չորեքշաբթի ասել է նա CNN-ին տված հարցազրույցում:

«Մենք պետք է ուժեղ լինենք, պատրաստ զսպման եւ պաշտպանության, եւ միեւնույն ժամանակ երկխոսություն է պետք Ռուսաստանի Դաշնության հետ: Ռուսաստանը մեր հարեւանն է, մենք պետք է խոսենք նրա հետ, նույնիսկ եթե չենք հավատում հարաբերությունների բարելավմանը մոտ ապագայում»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի բանակցությունները կանցկացվեն նեղ եւ ընդլայնված ձեւաչափերով Ժնեւի  Լա Գրանժ վիլլայում: Հանդիպումը կտեւի մոտ չորս-հինգ ժամ: Դա կլինի ռուս-ամերիկյան առաջին գագաթնաժողովը 2018-ի հուլիսին Հելսինկիում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ Պուտինի հանդիպումից հետո: