Երկրի անվտանգությունն այժմ լուրջ  խնդիրների առջեւ է կանգնած: Բացի մեր ԶՈւ-երի վերականգնումից՝ անհրաժեշտ է փորձել ավելի ժամանակակից դարձնել ռուսական ռազմական ներկայությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, Մարալիկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:  

«Դա կարելի է եւ պետք է անել՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում զարգացումները: Տեսնում ենք Թուրքիայի դերի աճ, դա ակնհայտ է: Նրանք գործում են վստահ, նրանք թրենդի մեջ են: Եթե նայենք քարտեզը, ակնհայտ է դառնում, որ միակ երկիրը, որը կարող է զսպող գործոն դառնալ թուրքական էքսպանսիայի համար, Ռուսաստանն է: Այլ երկիր պարզապես չկա: Սակայն զուգահեռ պետք է զարգացնալ սեփական ԶՈւ-ն: Մենք կորցրել ենք մարտունակ լինելու մեր կարգավիճակը: Պետք է վերադարձնել այն: Աշխարհն այդպիսին է. եթե դու թույլ ես, ապա քո հետ հաշվի չեն նստի»,-ասաց Քոչարյանը: