Երորրդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, մեղավոր ճանաչվեց ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաև անձի առևանգումը կազմակերպելու համար։

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հրապարակեց Նարեկ Սարգսյանի գործով դատավճիռը: Ըստ այդմ՝ Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5,5 տարվա ազատազրկման՝ հաշվակցելով Սարգսյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը։ Ըստ այդմ, նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 3,5 տարի ժամկետով ազատազրկումը:

Նշենք, որ նախորդ դատական նիստին մեղադրող դատախազը միջնորդել էր մեղավոր ճանաչել Սարգսյանին առաջադրված մեղադրանքում և դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով։ Նարեկ Սարգսյանն ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքները և միջնորդել գործը քննել արագացված կարգով:

Հիշեցնենք՝ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերման պահին ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Նարեկ Սարգսյանը մեղավոր ճանաչվեց զենք-զինամթերքի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաև անձի առևանգումը կազմակերպելու համար, իսկ նախորդ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը մնաց անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: