Փաշինյանին երկու-երեք տարվա ընթացքում հաջողվեց ոչ միայն խարխլել պետական ինստիտուտները, այլեւ տապալել Հայաստանի արտաքին քաղաքականությունը, փչացնել հարաբերություններն առանց բացառության բոլոր գործընկերների հետ։ Այս մասին «Страна.ua»-ի հարցազրույցում ասել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը, որը գլխավորում է «Հայրենիք» կուսակցությունը, իսկ այժմ հանդես է գալիս Հանրապետական կուսակցության հետ համատեղ ստեղծված «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի առաջին համարի տակ, պատասխանելով հարցին, թե ինչու տանուլ տրվեց պատերազմը Ղարաբաղում։

«Պատճառները շատ են։ Բանն այն է, որ Փաշինյանին երկու-երեք տարում հաջողվեց ոչ միայն խարխլել պետական ինստիտուտները, այլեւ տապալել Հայաստանի արտաքին քաղաքականությունը, փչացնել հարաբերություններն առանց բացառության բոլոր գործընկերների հետ։ Հզորագույն հարված հասցվեց Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության սուբյեկտայնությանը։ Այս ֆոնին, չունենալով որեւէ իրատեսական ռազմավարություն բանակցային գործընթացի վերաբերյալ եւ տեսլական ու պատկերացում չունենալով դրա մասին, Փաշինյանը հակասական եւ անկապ հայտարարություններով բանակցային գործընթացը վերածեց քաոսի։ Ինչն էլ հանգեցրեց նախկին բոլոր ձեռքբերումների տապալմանը։ Միաժամանակ, նրա քաղաքական ուժի կողմից  ընթանում էր բանակի, վաստակավոր գեներալների վրա հարձակումների նպատակաուղղված գործընթաց։ Վարվում էր խառնափնթոր կադրային քաղաքականություն պաշտպանության ոլորտում, գերակայությունների փոփոխություն, սպառազինությունների գնման պլանների փոփոխություն անհասկանալի տրամաբանությամբ։ Թվարկվածը տեղի էր ունենում արտաքին քաղաքականությունում վստահության եւ գործընկերային փոխհարաբերությունների մակարդակի նվազման եւ երկրի ներսում պետական ինստիտուտների քայքայման հետ մեկտեղ»,- ասել է Վանեցանը։

Նա նաեւ կարծիք է հայտնել, որ այս իրավիճակում Ադրբեջանը, ինչպես ասում են, որսացել է պահը, երբ Հայաստանն ու Արցախը հայտնվել են մի իրավիճակում, երբ կարելի էր պատերազմ սանձազերծել՝ որոշակի հաջողության հույսով. «Կարծում եմ, պատահական չէ, որ այսօր, խոսելով Ղարաբաղում պատերազմի արդյունքների մասին, ավելի հաճախ է հնչում «նախապատրաստված պարտություն» ձեւակերպումը։ Դա արվեց հիմարության պատճառով, թե միտումնավոր՝ ցույց կտա հատուկ հետաքննությունը, որն, անշուշտ, կնախաձեռնվի իշխանափոխությունից հետո։ Ընդ որում՝ այդ պարտությունը շարունակվում է մինչ օրս։ Իսկ պատերազմն ինքը եւ պարտությունը «կազմակերպված անկազմակերպվածության» արդյունքն են։ Բանակային ստորաբաժանումները, զորահավաքը, այն բոլոր գործընթացներն ու արարողակարգերը, որոնք պետք է անպայման անցկացվեին պատերազմի վիճակում, պատշաճ կերպով չիրականացվեցին։ Քննությունը, կարծում եմ, կպարզի դրա պատճառները եւ ամեն ինչ իր տեղը կդնի՝ արդյո՞ք դա միտումնավոր գործողություն էր, թե՞ անգործություն։ Կամ էլ՝ ապաշնորհության ու անբանիմացության արդյունք։ Փաստ այն է, որ  պատերազմը եւ դրանում կրած կորուստները համատարած չկազմակերպվածության արդյունք են։ Դրա մեղավորը եւ պատասխանատուն միայն գործող իշխանությունն է՝ հանձին Փաշինյանի»։