Ընտրողների հետ կապված` բավականին ծավալուն ստուգումներ են իրականացվել, ահռելի  աշխատանքներ են տարվել, և ես վստահեցնում եմ, որ այն թիվը, որը պաշտոնապես հրապարակվել է, համապատասխանում է իրականությանը: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ խոսելով այն շրջանառվող թեմայի մասին, թե ընտրողների՝ հրապարակված թիվը չի համապատասխանում իրականությանը և մի քանի անգամ ավելի է ներկայացվում:

«ՀՀ բնակչության ընդհանուր թիվը կազմում է 3 մլն 380 հազար 653 մարդ: Ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվը կազմում է 2 մլն 578 հազար 678 անձ: Այն հարցը, թե թիվը ուռճացված է, բնականաբար, սխալ է, որովհետև հստակ գործող պետական ռեգիստրի համակարգ է դրված ՀՀ-ում, իսկ այն հարցը, որ անձինք դրսում են գտնվում կամ միգուցե բացակայում են, և իրենց տվյալները առկա են, իհարկե, առկա պետք է լինեն: Ի՞նչ եք առաջարկում, մենք հանենք այն մարդկանց տվյալները, որոնք արտերկրում են, սակայն վերջին օրը գան ու զրկված լինե՞ն ընտրելու իրավունքից, իհարկե՝ ոչ»,-ասաց Ֆիդանյանը:

Նրա խոսքով՝ չի կարող գոյություն ունենալ մի համակարգ, որով պետք է արտերկրում ապրողները զրկվեն ընտրություններին մասնակցելուց: «Արտերկրում 600-ից ավելի մահացած հայրենակիցներ ունեինք, որոնց տվյալները ինչ-ինչ պատճառներով առկա էին, սակայն այս ընթացքում այդ տվյալները ևս զտվել են»: