Համաշխարհային տերությունները մտադիր են տասնյակ միլիոնավոր դոլարներ հավաքել` որպես շտապ օգնություն լիբանանյան բանակին` երկրում տնտեսական եւ քաղաքական ճգնաժամի սրման պայմաններում զինված ուժերի փլուզումը կանխելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության խոսնակին:

«Լիբանանի բանակը երկրի ողնաշարն է եւ երաշխավորում է, որ երկրում անվտանգության իրավիճակը չի վատթարանա, ուստի մենք շահագրգռված ենք օգնել դրանում»,- ասել է նա:

Նա հայտնել է, որ նման աջակցությունը ժամանակավոր լուծում է, հանգանակված միջոցները չեն ապահովի աշխատավարձ զինծառայողների համար, այլ ուղղվելու են սննդին, դեղերին, ռազմական տեխնիկայի պահեստամասերին եւ նույնիսկ վառելիքին:

Հարցին, թե ֆրանսիական նախաձեռնությունը երկարաժամկետ հեռանկարում կարո՞ղ է փրկել լիբանանյան բանակը, պաշտոնյան ասաց. «Երբ դուք հիվանդանոցում եք շտապ օգնության սենյակում, չեք մտածում այն ​​մասին, թե որքան արյուն պետք կգա երկու-երեք ամիս անց: Սա նմանատիպ իրավիճակ է»:

Փարիզը, որը գլխավորել է իր նախկին գաղութին աջակցության ջանքերը, փորձել է ուժեղացնել ճնշումը լիբանանցի քաղաքական գործիչների վրա՝ չկարողանալով համախմբել նրանց` նոր կառավարության համաձայնեցման եւ բարեփոխումների նախաձեռնման համար:

Լիբանանի անվտանգության ուժերի շրջանում դժգոհություն է հասունանում արժույթի փլուզման հետ կապված, որը ոչնչացրել է նրանց աշխատավարձերի մեծ մասը: Այս խնդրի լուծման համար հինգշաբթի Ֆրանսիան վիրտուալ հանդիպում կանցկացնի գործընկերների հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, եվրոպական տերությունների եւ Պարսից ծոցի երկրների:

Լիբանանյան ֆունտը 2019-ի վերջից ֆինանսական ճգնաժամի պատճառով կորցրել է իր արժեքի 90 տոկոսը դոլարի նկատմամբ, որը 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմից ի վեր ամենամեծ վտանգն է ներկայացնում կայունության համար: