Հունիսի 14-ին, ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 19-ամյա երիտասարդ: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, սակայն, ըստ բժշկի տեղեկանքի` երիտասարդն ի վիճակի չէր բացատրություն տալու:

Ձեռնարկվեցին անհետաձգելի միջոցառումներ, և շուտով ստացվեց օպերատիվ տեղեկություն՝ ժամեր առաջ տեղի ունեցած վիճաբանության և դանակահարության վերաբերյալ: Արդեն գիշերը, ժամը երկուսին մոտ, Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի իր բնակարանից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման ենթարկված 26-ամյա երիտասարդը խոստովանեց արարքը: Ըստ նրա՝ Երևանյան խճուղում կենցաղային հարցերի շուրջ վեճ էր ծագել, և այդ ընթացքում ինքը դանակահարել էր 19-ամյա տղային:

Երիտասարդը ձերբակալվել է: Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: