Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների բարելավման հույսերը քիչ են: Այս մասին ԵՄ արտգործնախարար Խոսեպ Բորելը հայտարարել է ԵՄ երկրների ղեկավարների ՝ Ռուսաստանի նկատմամբ իրենց հետագա քաղաքականության քննարկումից մոտ մեկ շաբաթ առաջ:

«Ստեղծված պայմաններում ԵՄ-Ռուսաստան գործընկերության վերսկսումը, որը թույլ է տալիս ավելի սերտ համագործակցություն հաստատել, հեռավոր հեռանկար է թվում»,- ասել է Բորելն իր հայտարարության մեջ` մեկնաբանելով Եվրահանձնաժողովի կողմից Ռուսաստանի հետ լարվածության վերաբերյալ նոր զեկույցը:

Նրա խոսքով` ԵՄ-ն պետք է «ավելի ուժեղ ու դիմացկուն» դառնա Ռուսաստանի` «այն խարխլելու» փորձերի դեմ եւ«սպառնալիքներին պատասխանի» ավելի համակարգված եւ միասնական ձեւով:

«Մեր նպատակը պետք է լինի այն ուղիների որոնումը, որոնք կարող են օգնել ներկայիս դինամիկան աստիճանաբար վերափոխել ավելի կանխատեսելի եւ կայուն հարաբերությունների: ԵՄ-ն միաժամանակ դիմադրելու է, զսպելու եւ փոխգործակցելու է Ռուսաստանի հետ` հիմնվելով Ռուսաստանի նպատակների ընդհանուր ընկալման եւ սկզբունքային պրագմատիզմի մոտեցման վրա»,- հավելել է նա:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Մոսկվայի հետ հարաբերությունները որպես «բարդ» է որակել: «Մենք պետք է բացահայտենք մարտահրավերները եւ օգտագործենք հնարավորությունները: Վերջին տարիներին Ռուսաստանի կառավարության կանխամտածված ընտրությունը եւ ագրեսիվ գործողությունները բացասական գալարագիծ են առաջացրել: ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների կառավարումը շարունակում է առանցքային ռազմավարական մարտահրավեր մնալ ԵՄ-ի համար: Ի պատասխան` ԵՄ-ն պետք է շարունակի գործել համախմբված եւ հետեւողական կերպով` պաշտպանելով մեր հիմնարար արժեքներն ու շահերը»,- ասել է նա, փոխանցում է Euronews-ը: