Իրանի միջուկային համաձայնագիրը թարմացնելու համար անհրաժեշտ է սպասել ԻԻՀ նոր կառավարության ձեւավորմանը, ասել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին` հավելելով, որ համաձայնագրի համար անհրաժեշտ է բոլոր կողմերի քաղաքական կամքը:

«Բոլորը գիտեն, որ այս փուլում անհրաժեշտ է սպասել Իրանի նոր կառավարությանը»,- իտալական La Repubblica օրաթերթին տված հարցազրույցում ասել է Ռաֆայել Գրոսին՝ պատասխանելով այն հարցին, թե որ փուլում են գործարքի շուրջ բանակցությունները:

Սպասվում է, որ Իրանի նոր նախագահը կաբինետը կձեւավորի մինչ օգոստոսի կեսերը: Ներկայիս նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնավարման ժամկետը լրանում է օգոստոսի 3-ին: Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 18-ին:

Իրանական համաձայնագրի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլն անցկացվել է անցած շաբաթ օրը՝ Վիեննայում:

ԱԷՄԳ-ը ուղղակիորեն ներգրավված չէ բանակցություններում:

«Քննարկումները, որոնք շարունակվում են մի քանի շաբաթ, վերաբերում են շատ բարդ եւ նուրբ տեխնիկական հարցերի, բայց անհրաժեշտ է կողմերի քաղաքական կամքը»,- ասել է Գրոսին:

Պատասխանելով Գրոսիի մեկնաբանությունների մասին հարցին՝ Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ագնես ֆոն դեր Մյուլն ասել է, որ բանակցություններն այժմ ընթանում են ամենաբարդ թեմաների շուրջ, եւ որ էական տարաձայնությունները պահպանվում են: «Դա ենթադրում է համարձակ որոշումներ, որոնք պետք է արագ կայացվեն, քանի որ մենք բոլորս կիսում ենք այն կարծիքը, որ ժամանակը բոլորի դեմ է»,- ասել է նա: