Amazon-ը սոցցանցերին կոչ է արել ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել իրենց հարթակներում տեղադրված կեղծ արձագանքների համար՝ հայտարարելով, որ խնդիրն ավելի ու ավելի է դուրս գալիս վերահսկողությունից:

Առցանց գնումների կայքը սոցիալական ցանցերին մեղադրել է այն բանում, որ նրանք խարդախության դեմ պայքարի միջոցներում բավականաչափ ներդրումներ չեն անում եւ գրառումները ջնջելուն շատ դանդաղ են արձագանքում:

Amazon-ի արտադրանքի էջերում կեղծ ու մոլորության մեջ գցող արձագանքները վաղուց արդեն խնդիր են դարձել ընկերության համար, հայտնում է AP-ն:

Amazon-ը հայտարարել է, որ անցյալ տարի արգելափակել է ավելի քան 200 միլիոն կեղծ արձագանքներ, նախքան դրանք կնկատվեին գնորդների կողմից, եւ գրեթե բոլորը հայտնաբերվել են կանխման տեխնոլոգիայի միջոցով:

Այնուամենայնիվ, ընկերությունը պնդում է, որ խնդիրները հետագայում լուծելու իր հնարավորությունը սահմանափակ է՝ անբարեխիղճ խաղացողների աճող միտման պատճառով:

«Թեեւ մենք հասկանում ենք, որ սոցիալական ցանցերում աշխատող որոշ ընկերություններ սկսել են շատ ավելի արագ արձագանքել՝ այս խնդիրը լուծելու համար, նրանք պետք է համարժեք ներդրումներ կատարեն վերահսկողության կանխող միջոցառումներում՝ կեղծ արձագանքները շուտ հայտնաբերելու համար»: