Մեր եւ մեր ժողովրդի համար առաջնայինը մեր երկրի սահմանների անվտանգության ապահովումն է: Այս մասին հունիսի 16-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում Լոռու մարզ կատարած այցի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում գլխավորում է ընտրացուցակը:

Կուսակցության ղեկավարի խոսքով՝ Հայաստանի ժողովրդին անհրաժեշտ է անվտանգություն, ինչը թույլ կտա թուլացնել լարվածությունն ու անհանգստությունը, որ առաջացել են կապված վերջին պատերազմում կրած պարտության հետ: «Միանշանակ, դա կարելի է ապահովել միայն Ռուսաստանի հետ, որը Հայաստանի դարավոր դաշնակիցն է: Մենք պետք է նրա հետ նոր համաձայնագիր ստորագրենք»,- ասաց Ծառուկյանը: Նա հավաքի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց վերջերս Շուշիում կայացած Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների հանդիպման վրա, որտեղ կողմերի միջեւ ստորագրվեց դաշնակցային հարաբերությունների մասին համատեղ հռչակագիր:

Այս կապակցությամբ Ծառուկյանն առաջարկեց արագացնել Երեւանի եւ Մոսկվայի միջեւ ռազմաքաղաքական փոխադարձ համագործակցության մասին փաստաթղթի ստորագրման գործընթացը: