Հայաստանում 650 հազար ընտանիք եւ 2 միլիոն 187 հազար վարկառու կա: Այսինքն, յուրաքանչյուր ընտանիքից 3-4 հոգի վարկ ունի: Այս մասին հունիսի 16-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում Լոռու մարզ կատարած այցի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում գլխավորում է կուսակցության ընտրական ցուցակը:

Ըստ նրա՝ մարդիկ նոր վարկեր են վերցնում հները մարելու համար, սակայն դա ոչ մի կերպ չի լուծում առկա խնդիրները: «Ես ասում եմ, որ այս բոլոր վարկերը պետք է անհապաղ մարվեն: Պետությունը պետք է քայլ կատարի դեպի իր ժողովուրդը եւ փրկի ժողովրդին անդունդից, որպեսզի մարդիկ չկորցնեն իրենց ունեցվածքը եւ չհայտնվեն փողոցում», - ասել է Ծառուկյանը` հավելելով, որ իրենք կկարողանան մարել վարկերը ընդամենը երկու ամսվա ընթացքում: Քաղաքական գործիչը նշել է, որ այդ նպատակների համար պատրաստվում են դրսից միջոցներ ներգրավել: