Այսօր ստացել եմ բազմաթիվ ահազանգեր եւ շատ հավաստի ինֆորմացիա, որ բոլոր մարզային բժշկական կազմակերպությունների տնօրեններին մարզպետարաններից զանգել են եւ աշխատանքից ազատելու սպառնալիքով հրահանգել վաղվա նիկոլի հավաքին ապահովել բուժանձնակազմի ներկայությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բժիշկ-վիրաբույժ, «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանը։

«Ձեզ նույնիսկ ասել են, թե հրապարակին հարակից որ տարածքը որ մարզին է հատկացված: Ձեզանից շատերին ճանաչում եմ անձամբ, հուսով եմ դուք էլ ինձ չեք մոռացել: Հորդորում եմ, որ վաղը բուժանձնակազմին որեւէ պարագայում Երեւան չտեղափոխեք: Այդ մարդիկ իրենց մարզերում կարեւոր գործ են անում՝ մարդ են բուժում, եւ նրանց կարիքը կարող է ցանկացած պահի առաջանալ: Եթե մտավախություն ունեք , որ Ձեզ այս առաջիկա 4 օրվա մեջ աշխատանքից կհեռացնեն, ապա գնացեք, Ձեր ներկան ստացեք ու հեռացեք հավաքի վայրից, բայց բուժաշխատողներին պարտադրաբար Երեւան մի հասցրեք: Վաղը ունենալու եմ հստակ ինֆորմացիա, թե որ տնօրենը չլսեց մեր հորդորները: Պատիվ ունենք, պիտի կրենք եւ միասին կառուցենք ուժեղ Հայաստան»,– գրել է Սամվել Սողոմոնյանը։

 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավարի այս գրառմանը, հորդորելով զերծ մնալ հերյուրանք տարածելուց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունից առաջ ձայներ հավաքելու եւ հանրությանը մոլորեցնելու նպատակով:

«Բավական է սեփական ձեւաչափն ու վարքագիծը փորձել վերագրել ներկայիս իշխանությանը»,– նշված է նախարարության հաղորդագրության մեջ։