ԵՄ կանոնները կարող են անվտանգության եւ գաղտնիության սպառնալիք ներկայացնել iPhone-ի համար: Այս մասին հայտարարել է Apple-ի ղեկավար Թիմ Կուկը՝ մեկնաբանելով Թվային շուկաների մասին օրենքը (DMA), որն առաջարկվել է ԵՄ հակամենաշնորհային օրենսդրության ղեկավար Մարգրետ Վեստագերի կողմից, հայտնում է Reuters-ը:

Նա մտավախություն է հայտնել, որ նոր կանոնները կհանգեցնեն Apple App Store-ով չեկող հավելվածների ավելի շատ բեռնմանը:

«Չեմ կարծում, որ դա (օգտագործողի) շահերից է բխում՝ DMA-ն iPhone-ում կողմնակի բեռնման պատճառ կդառնա»,- ասել է Apple-ի գլխավոր տնօրենը: «Սա կկործանի iPhone-ի անվտանգությունն ու գաղտնիության ապահովման շատ նախաձեռնություններ, որոնք մենք ներկառուցել ենք App Store-ում, ինչպես նաեւ հավելվածներին հետեւելու թափանցիկությունը»,- հավելել է նա:

Կուկն ասել է, որ Apple-ը կմասնակցի բանավեճին եւ կփորձի առաջ գնալու ուղի գտնել: