Հայ արտադրողները 2043 թվականից Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում կհրաժարվեն «կոնյակ» բառի օգտագործումից եւ քննարկում են նոր անուն` շուկաները չկորցնելու համար: Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյան:

«Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2017 թ., նախատեսում է 2043 թվականից հրաժարվել «կոնյակ» բառի օգտագործումից` ԵՄ աշխարհագրական անվանումների պաշտպանության համատեքստում կոնյակի արտադրանք արտահանելիս: Ըստ այդմ, մինչեւ 2043 թվականը հայ արտադրողները շուկայավարման համապատասխան ռազմավարություն կիրականացնեն, եւ կառավարությունը նրանց կօգնի եւ կաջակցի այդ հարցում»,- ասել է Գրիգորյանը:

Համաձայնագրում պարունակվող «կոնյակ» անունից հրաժարվելու պահանջը պայմանավորված է նրանով, որ տերմինը պաշտպանված աշխարհագրական անուն է, որը, ԵՄ-ում գործող կանոնների համաձայն, կարող է օգտագործվել միայն ֆրանսիական Շարանտա դեպարտամենտում արտադրվող ապրանքների համար, որտեղ գտնվում է քաղաքը, որի անունով էլ սկսել են կոչել խմիչքը: Համաձայնագրի համաձայն` ԵՄ-ն Հայաստանին ֆինանսական օգնություն կտրամադրի` 3 միլիոն եվրոյի չափով:
Փոխվարչապետի պաշտոնակատարի խոսքով` 2032 թվականից արգելվում է «կոնյակ» անվանման օգտագործումը հենց Հայաստանի ներքին շուկայի համար: Նա վստահ է, որ «այդ ժամանակաշրջանում նման հարաբերությունների կարգավորման համար կառավարության գործառույթն ու գործիքակազմն այնքան արդյունավետ կլինեն, որպեսզի վերահսկեն այդ պահանջի կատարումը»:

Հայկական կոնյակ եւ կեղծիք

Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատարը մտավախություն ունի, որ արտասահմանում «կոնյակ» բառից հրաժարվելուց հետո անբարեխիղճ վաճառողները հավանաբար կշարունակեն օգտագործել այդ ապրանքանիշը:

«Մենք կանգնած ենք այդպիսի խնդրի առջեւ, եւ այն պետք է լուծվի` մեր արտադրողների պատշաճ պաշտպանությունն ապահովելու համար: Զարգացած շուկաներ ունեցող երկրներում այդ խնդիրը, հավանաբար, շատ ավելի արդյունավետ կլուծվի, քանի որ այս կամ այն ​​կերպ այդպիսի երկրներն իրենք են սահմանում եւ զարգացնում կեղծիքի գետ պայքարի համար իրական գործող մեխանիզմներ: Ինչ վերաբերում է պակաս զարգացած շուկաներ ունեցող երկրներին, ապա խնդիրը կա, սակայն, հաշվի առնելով իսկական կոնյակի արտադրանքի բնութագիրը, արտահանման առյուծի բաժինը բաժին է ընկնում եւ ընկնելու է զարգացած շուկաներ ունեցող երկրներին»,- հավելել է նա:

Գրիգորյանի խոսքով՝ հայկական կոնյակ արտադրողների կրելիք վնասը առաջիկայում եւ երկարաժամկետ հեռանկարում՝ հայտնի անվանումից հրաժարման պարագայում, կախված է մարքեթինգային ռազմավարության որակից, որը կիրականացվի մինչեւ սահմանափակումների ուժի մեջ մտնելը։

«Այստեղ անհրաժեշտ է գտնել մարքեթինգի ծախսերի, հնարավոր վնասի եւ պոտենցիալ երկարատեւ եկամտաբերության օպտիմալ հավասարակշռություն։ Չեմ բացառում, որ գրագետ ռազմավարության դեպքում այդ միջոցը կարող է լրացուցիչ շահ բերել մեր արտադրողներին։ Գուցե տարօրինակ է հնչում, բայց սա միանգամայն հավանական սցենար է, քանի որ ի հայտ կգա համախմբվելու եւ մարքեթինգային մանեւր իրականացնելու հնարավորություն, որը կարող է խթանել վաճառքը։ Դրա համար բավականաչափ ժամանակ կա, իսկ կառավարությունը պատրաստ է եւ պատրաստ կլինի ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել այս հարցում, այդ թվում՝ ֆինանսական»,- ընդգծել է նա։

Հայտնի արտադրանիք նոր բրենդը

Հայ արտադրողները ակտիվորեն քննարկում են նոր անվանումները, որոնք օգտագործվելու են «կոնյակ» բառը փոխարինելու համար։ «Ես առայժմ պատրաստ չեմ բացել այդ մանրամասները, քանի որ լիակատար կոնսենսուս շուկայի հիմնական խաղացողները դեռ չունեն։ Հայեցակարգեր կան, տեղեկատվական ուղեկցման ծրագիրը մշակվում է, բայց քննարկումները եւ բանակռիվներն այս հարցի շուրջ դեռ շարունակվում են»,- նշել է  փոխվարչապետի պաշտոնակատարը՝ ավելացնելով, որ «վերջին երեք օրացուցային տարում  հայկական կոնյակի արտահանման ծավալը կազմել է մոտ 0,5 մլրդ դոլար, որի մոտ 79 տոկոսը՝ Ռուսաստան»։