Թուրքիան բանակցություններ է վարում երեք երկրների հետ դրանցից մեկի տարածքում տիեզերանավի կառուցման շուրջ, հայտարարել է Թուրքիայի տիեզերական գործակալության նախագահ Սերդար Հուսեյն Յըլդըրըմը, փոխանցել է Sputnik-ը:

«Մենք հանդիպումներ ենք անցկացնում երկրների հետ... Դրանք ընդամենը երեքն են», - ասել է նա Սանկտ Պետերբուրգում կայացած Տիեզերական հետազոտությունների միջազգային խորհրդաժողովում (GLEX): Յըլդըրըմը չի նշել, թե որն է այդ երկիրը, սակայն ասել է, որ տիեզերակայանը պետք է տեղակայված լինի ծովի ափին եւ լինի հասարակածին մոտ: Նա նաեւ բացատրել է, որ տիեզերակայանը կօգտագործվի կոմերցիոն թռիչքների համար, ուստի Թուրքիան նախատեսում է աշխատել այլ երկրների հետ եւս՝ ներառյալ Ռուսաստանը, երկրի ցածր ուղեծրի համար երկու-չորս տոննա բեռնատարողությամբ կրող հրթիռ համատեղ մշակելու նպատակով:

«Մենք դեռ այն մակարդակի վրա չենք, որ ինքնուրույն այդպիսի տիեզերանավեր կառուցենք: Իհարկե, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, սակայն առայժմ միջազգային համագործակցության կարիք ունենք: Այս առումով Ռուսաստանը կարող է լավ գործընկեր դառնալ: Մենք դա քննարկում ենք նաեւ բանակցությունների ընթացքում», - ասել է Յըլդըրըմը:

Նրա խոսքով՝ մինչ 2029 թվականը, երբ թուրքական տիեզերանավը Լուսին կուղեւորվի, Թուրքիան այդպիսի հրթիռ ինքնուրույն արտադրելու տեխնոլոգիա արդեն կունենա:

2021 թվականի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է ազգային տիեզերական ծրագիր: Նա առաջարկել է տիեզերք ուղարկել երկրի առաջին քաղաքացուն, կառուցել սեփական տիեզերակայանը եւ 2023 թվականի վերջին իջեցվող սարք ուղարկել լուսին: