Սուդանում հիասթափված են Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման արդյունքներից եւ դժգոհություն են հայտնել գյուղատնտեսության եւ տեխնոլոգիաների ոլորտներում անբավարար ներդրումների մասին, հաղորդել է իսրայելական Kan հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սուդանի պաշտոնյաներին:

Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ը դեռեւս չի կատարել Սուդանում ներդրումներ կատարելու իր խոստումը, ինչպես խոստացել էր Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հայտարարության ժամանակ: Նրանք նշել են, որ համաձայնագրի ստորագրումը տարաձայնություններ է առաջացրել Սուդանի կառավարության անդամների շրջանում:

Անցյալ դեկտեմբերին Իսրայելի պաշտոնական պատվիրակությունը կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր առաջին անգամ ժամանել է Սուդան: Պատվիրակությունը գլխավորում էր հետախուզության նախկին նախարար Էլի Քոենը, որը հանդիպել է Ինքնիշխանության հարցերով խորհրդի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Բուրհանի, պաշտպանության նախարար Յասին Իբրահիմի եւ կառավարության այլ պաշտոնյաների հետ:

Երկու կողմերի միջեւ քննարկումներ են ծավալվել են քաղաքական, անվտանգային եւ տնտեսական հարցերի շուրջ. պաշտոնյաների միջեւ առաջին անգամ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: