Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը՝ ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Մարգարետա Սեդերֆելթի գլխավորությամբ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի արագ արձագանքը՝ դիտարկելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Դիտորդական պատվիրակության անդամները Հանրապետության նախագահին են ներկայացրել առաքելության մանդատը և ընտրական գործընթացի վերաբերյալ իրենց դիտարկումները:

Ընդգծելով, որ նախընտրական քարոզարշավը հասել է իր բարձրակետին, իսկ ներքաղաքական մթնոլորտում լարվածություն կա, Հանրապետության նախագահն ասել է, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները պետք է դրսևորեն առավելագույն պատասխանատվություն, զսպվածություն ու հանդուրժողականություն:

Կարևորելով հասարակական համերաշխությունն ու երկրի կայունությունը՝ նախագահ Սարգսյանն անթույլատրելի և անընդունելի է համարել ատելության կամ թշնամանքի, առավել ևս՝ բռնության ու սպառնալիքի կոչերը և նշել, որ քաղաքական ուժերն ու գործիչները պետք է ձեռնպահ մնան այդպիսի գործելակերպից:

Զրուցակիցները նշել են, որ ակնկալում են արդար, ազատ ու թափանցիկ ընտրություններ։